Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 14 տարի առաջ - 2011-10-10 17:39
Տնտեսական

Նպատակը` բարեկեցիկ գյուղ, բարեկեցիկ համայնք

Նպատակը` բարեկեցիկ գյուղ, բարեկեցիկ համայնք

Ջերմուկում այսօր աշխատանքն է սկսել Գյուղական համայնքների առաջին համաժողովը: Երկօրյա միջոցառման նպատակը, ըստ կազմակերպիչների,  գյուղական համայնքների կայուն զարգացմանն աջակցելն է:

 

Համաժողովի շրջանակներում կանցկացվի երկու լիագումար նիստ, նաեւ կկազմակերպվի ցուցահանդես, իսկ 10 աշխատանքային խմբերում կքննարկվեն «Համայնքային ենթակառուցվածքներ՝ ջրային տնտեսություն, էներգետիկ ենթակառուցվածքներ, քաղաքաշինություն», «Փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացումը գյուղական համայնքներում», «Գյուղատնտեսություն՝ քաղաքականություն, ծրագրեր, զարգացման տեսլականներ» եւ այլ թեմաներ:

 

Համաժողովի բացման խոսքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ կայացած ՏԻՄ-ը ենթադրում է բարեկեցիկ գյուղ, հնարավորություն է տալիս կենտրոնացնելու ուշադրությունը գյուղի վրա: Նրա խոսքով՝ շարունակում է առաջնային մնալ տարածքների համաչափ զարգացման խնդիրը: Մշակվել է տարածքների զարգացման հայեցակարգ, որը հնարավորություն է տալիս այս կամ այն ծրագիրը դիտարկել տարածքների համաչափ զարգացման, անհրաժեշտ ենթակառուցվածքների,  գյուղատնտեսության արդյունավետ զարգացման տեսանկյունից: Վերջին տարիներին այդ ուղղությամբ նկատելի տեղաշարժ է կատարվել, իրականացվել են ճանապարհաշինական և ոռոգման համակարգերի վերանորոգման աշխատանքներ: Մարզերում շարունակվում են ներդրումները կրթական, սոցիալական, մշակութային ոլորտներում, կառուցվում են բուժհաստատություններ:

 

Կատարվող աշխատանքների համար ֆինանսական աղբյուրները տարբեր են՝ դրամաշնորհներ, վարկային միջոցներ, սեփական եկամուտներ: ՀՀ նախագահը կարևորեց, որ այդ միջոցներն օգտագործելիս հաշվի են առնվում հենց շահառուների, համայնքների, ՏԻՄ-երի կարծիքը:

 

Ս. Սարգսյանը նաեւ նշել է, որ լրացուցիչ միջոցները կուղղվեն այնտեղ, որտեղ լավ ապրելու ձգտում կա: «Մեր երկրում միջոցների արդյունավետ օգտագործման խնդիր կա: Միջոցները հատկացվում են մարզպետարաններին, բայց եթե ծրագրերն իրականացվում են ՏԻՄ-երի ցանկությամբ, դրանց արդյունավետությունն ավելի բարձր է լինում: Ինչու որոշներն իրենց միջոցներն արդյունավետ չեն օգտագործում եւ ակնկալում են միջոցներ ստանալ բյուջեից: Մենք իրավունք ունենք միջոցներն ուղղել արդյունավետ օգտագործող համայնքներին. դա նշանակում է, որ միջոցները կուղղվեն այնտեղ, որտեղ ցանկանում են լավ ապրել»,- նշել է Սերժ Սարգսյանը:

 

Այս տարի 20 միլիարդ դրամ է հատկացվել բյուջեից, որպեսզի ընթացք տրվի համայնքներում առկա խնդիրներին: «Որդեգրած քաղաքականության հիմքում բարեկեցիկ գյուղ, բարեկեցիկ համայնք ունենալն է: Նկատելի է, որ համայնքներն ավելի պատասխանատվությամբ են վերաբերվում սեփական եկամուտների հավաքագրմանը: Ողջունելի է, որ համայնքները հրաժարվել են պարտքեր կուտակելու ավանդույթից: Ես խրախուսում եմ, որ ընդհանրապես խուսափեն պարտքով ապրելուց: Գյուղական համայնքը պարտքով չպետք է ապրի, դա անպատասխանատու վերաբերմունք է: Այդ թեման փակ է»,- ընդգծել է նախագահը եւ հավելել, որ մշտապես սատար են կանգնելու գյուղին, բարձրացնելու են ՏԻՄ-երի դերակատարությունը: