Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ հանդիպեց փաստաբան Լևոն Բաղդասարյանը, ով ներկայացնում է Նորք-Մարաշում վնասազերծված հանցախմբի ղեկավար Արթուր Վարդանյանի և խմբի որոշ անձանց շահերը: Նա նախ նշեց, որ ԱԱԾ-ն հարուցել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 223 հոդվածի առաջին մասով և նույն օրենսգրքի 235 հոդվածի երրորդ մասի հատկանիշներով: Սույն գործի շրջանակներում Արթուր Վալերիի Վարդանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ:
«Մամուլում շրջանառվում են տարաբնույթ լուրեր, որ իբր Արթուր Վարդանյանի հանցագործ խումբը ցանկացել է ահաբեկչական ակտեր իրականացնել ՀՀ տարածքում: Այնքանով, որքանով ընթանում է նախաքննություն, խնդրում եմ զերծ մնալ տարաբնույթ գնահատականներ տալուց: Ցանկանում եմ տեղեկացնել, որ Արթուրի հայրը` Վալերի Վարդանյանը, եղել է ազատամարտիկ, տասնյակ անգամներ անցել է թշնամու թիկունքը և ռազմական գործողություններից մեկի ժամանակ նահատակվել: Վալերի Վարդանյանը թաղված է Եռաբլուրում: Նրա տղան` Արթուրը, ում նկատմամբ քրեական գործ է հարուցվել և մեղադրանք առաջադրվել, ստացել է փայլուն կրթություն Եվրոպայում, ունեցել է լավ աշխատանք, ունի ընտանիք և երեք անչափահաս երեխաներ, սակայն թողել է այդ ամենը` իր ուրույն լուման ներդնելով Քեսաբի ազատագրության համար»,- ասաց փաստաբանը:
Նա համոզված է, որ վաղը պատմությունը տալու է Արթուր Վարդանյանի գործողությունների գնահատականը, թե նա ինչ է արել Քեսաբի ազատագրման համար, և որն է եղել նրա լուման Սիրիայում հայապահպանման գործում:
Փաստաբանը ոչ միայն անընդունելի, այլև անմեղության կանխավարկածին հակասող է համարում այն, որ մամուլում տարածում են լուրեր, թե իբր նա ցանկացել է ահաբեկչական գործողություն իրականացնել: Նա հավելեց, որ Արթուր Վարդանյանը չի հարել որևէ կուսակցության, նրա միակ կուսակցությունը եղել է Հայաստանը: