կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-07 13:41
Առանց Կատեգորիա

Բիբլիական թալանչիների "պոլկան"

Բիբլիական թալանչիների "պոլկան"

Վերջին մեկ տարում երեւի ոչինչ ինձ այդքան չի զվարճացրել, որքան մեր ոստիկանության հաղորդագրությունը, թե այսօր առավոտյան ինչ են տարել գողերը ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինկսկիի բնակարանից` 80 հազար դրամ, 100 եվրո, ոսկյա 2 մատանի եւ 1 թեւնոց:

 

Նախ` ոստիկաններն իրենք սովոր չեն այդպիսի մանր հանցագործության այդպիսի «կալիբրի» գործչի տնից, որովհետեւ «ատդաչան» էլ մանր է լինելու: Երկրորդ` դեսպանի ունեցվածքն անմիջապես ստվերում է այն ճոխությունը, որում իրենց թաղում են մեր պաշտոնյաներն ու քաղքենիները: Երրորդ` ունեցվածքի քչությունը ապահովագրում է նաեւ եվրոպական երկրների մյուս դեսպաններին, քանի որ, հուսով եմ, հանցագործները կհասկանան, որ մեր պաշտոնյաներին եւ օլիգարխներին թալանելն ավելի ձեռնտու է, այդպիսով` գոնե մի ինչ-որ չգրված արդարադատություն է իրականացվում` գողը գողից գողացավ եւ այլն:

 

Հանցագործները, դատելով հաղորդագրության բնույթից, դեսպանի տանն են գտնվել երկար ժամանակ` ժամը 5-ից 10-ը: Այսինքն` երկար են պրպտել, թե ինչ կա տանելու: Պարզ է` անմիջապես փորձեցի մտաբերել, թե վերջերս ձերբակալված բանդան ինչեր էր տարել նախկին պատգամավորի, մաքսային պետական կոմիտեի նախկին ղեկավարի, նախկին թաղապետի եւ ԾԻԳ-ի նախկին ղեկավարների բնակարաններից:

 

Նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի բնակարանից տարել էին ընդհանուր հաշվով 300 հազար դոլարի գումար եւ ոսկեղեն: «Կային եւ հայտնի նկարիչների գործեր, եւ սովորական նկարներ, չգիտեմ, ես դրանց մասնագետը չեմ»,- ռադիոկայաններից մեկին ասել էր պարոն Ազիզյանը:

 

Մոտ 300 հազար դոլարի գումար եւ ոսկեղեն էին տարել նաեւ «Լինսի» հիմնադրամի նախկին պաշտոնյա Էդուարդ Բեգոյանի բնակարանից, ներառյալ` բակում կայանված արտասահմանյան մոտ 100 հազար դոլարանոց շքեղ ավտոմեքենան: Ինչպես նաեւ անվտանգության համար տեղադրված տեսախցիկների սերվերը:

 

Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահի բնակարանից գողացել էին 45 միլիոն դրամի գումար եւ ոսկեղեն: Նաեւ` թանկարժեք իրեր:

 

Այսպիսով` հանցագործությունը դարձել է մի գործիք, որով հանցագործները «հետաքննաբար» բացահայտել են ունեցվածքներ, որոնց ձեռքբերման աղբյուրը վստահաբար մտնում է «Կոռուպցիայի դեմ պայքարի» ազգային ծրագրի մեջ: Անշուշտ, հրեշտակ հանցագործներ չկան, ռոբինհուդները ծնվում են միայն մեր հասարակություններում զուտ որպես պատժիչ գործիքներ, քանի որ օրենքը դադարում է լինել պատասխանատվության գործոն:

 

Այս ամբողջ պատմությունից կարելի է անել հետեւյալ եզրահանգումը: Հանցագործները Լեհաստանի դեսպանի բնակարանից տարել են նրա ունեցածը, իսկ մեր հարուստների բնակարանից` կուտակածը: Դեսպանի համար էականը հանցագործների անպատժելիության դեմն առնելն է, մեր հարուստների համար էականը` գողոնը վերադարձնելը: Որովհետեւ դեսպանը կշարունակի պաշտոնավարել թե' իր երկրում, թե' որեւէ այլ երկրում, իսկ մեր հարուստները հնարավոր է, որ երբեք չկարողանան կրկին կուտակել այն, ինչ տարիների «ջանքերով» են ձեռք բերել:

 

Դեսպանը, երկրից երկիր տեղափոխվելով, իր հետ տանելու է Հայաստանը որպես իր արժանապատվությանը հասցված հարվածի «բիբլիական դարբնոց», իսկ մեր հարուստները, այդ նույն բիբլիական դարբնոցն իրենց հետ տեղափոխելու են այլ երկրներ հասկանալու համար` կա այնտեղ հնարավորություն նույն օյինը խաղալու, ասենք, լեհերի գլխին հընթացս «պոլկա» պարելով: Դեսպանը, ի վերջո, կարող է չգանգատվել իր հետ տեղի ունեցածից, իսկ մեր հարուստները չեն կարող չպարծենալ, թե ինչպես են «կլպել» երկիրը: Իսկ ամենավերջում` դեսպանը կարող է վերադառնալ Հայաստան, որովհետեւ Հայաստանը միայն հանցագործները չեն, իսկ մեր պաշտոնյաները չեն կարող վերադառնալ Հայաստան, որովհետեւ կգա մի օր, երբ հանցագործները կլինեն միայն իրենք:


Սեյրան Հանոյան