Փոխարժեքներ
08 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.23 |
EUR | ⚊ | € 416.43 |
RUB | ⚊ | ₽ 3.95 |
GBP | ⚊ | £ 499.68 |
GEL | ⚊ | ₾ 141.84 |
Թերթի խմբագրականում կարդում ենք.
Շատ քաղաքացիների նման` ես կցանկանայի, որ անկախության 20-ամյակին նվիրված զինվորական շքերթի ամբիոնին միաժամանակ կանգնած լինեին Հայաստանի երեք նախագահները` մարդիկ, որոնք մեր պատմության դժվարին տարիներին եղել են մեր զինված ուժերի գլխավոր հրամանատարները: Ինչպես հայտնի է, այդ ցանկությունն ունեցող քաղաքացիների շարքում է նաեւ Հայաստանի ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանը: Բայց` չստացվեց: Առաջին նախագահը մերժեց հրավերը` իր ներկայացուցիչների միջոցով բերելով «ավազակապետական ռեժիմի» մասին հայտնի պատճառաբանությունը: Իսկ երկրորդ նախագահը ոչ մի «մեսիջ» չուղարկեց` չնայած տոնակատարությունների ժամանակ Հայաստանում ներկա չլինելը ինքնին «մեսիջ» է:
Փաստն, իհարկե, ցավալի է` չնայած «մերժողները» 100 տոկոսով վստահ են իրենց իրավացիության մեջ: Ես հավասարության նշան եմ դնում Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի լեգիտիմության աստիճանի միջեւ եւ նրանց օրոք կոռուպցիայի, անօրինականությունների եւ կամայականությունների միջեւ: Հավասարության նշան չեմ դնում 1-ին նախագահի եւ հաջորդ նախագահների գիտելիքների, ինտելեկտի միջեւ: Հանրապետության 20-ամյակը առիթ է, երբ թե' մենք` քաղաքացիներս, ու թե' իրենք` նախագահները, պետք է մոռանան այդ ամենի մասին, այլ մեկ օր, մի քանի ժամ դրանից բարձր կանգնեն: Մենք պետք է արժեւորենք անկախություն ունենալու փաստը, որն ինքնին հպարտության առարկա է: Պետական ավանդույթները ստեղծվում են ոչ թե այսօրվա հասարակական ընկալումների համար, այլ հակառակը` որպեսզի մարդիկ դուրս գան ներկայիս թայֆայական-կենցաղային կարծրատիպերից: Այսինքն` որ անկախության 30-ամյակի առիթով կազմակերպված շքերթի ժամանակ նրանք մտքում ասեն` մեր զորքերը, մեր տանկերը, մեր նախագահները: