կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-10 11:11
Արցախ

Ո՞ւմ է պետք կրթված ղեկավարը

Ո՞ւմ է պետք կրթված ղեկավարը

Սեպտեմբերի 18-ին Արցախում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում համայնքի ղեկավարի առաջադրված թեկնածուների 70 տոկոսից ավելին բարձրագույն կրթություն չունի: Իսկ նրանց որոշ մասն ունի միջին մասնագիտական կրթություն:

Նման բան Արցախում նախկինում չկար, քանի որ, օրենքի համաձայն, թեկնածուն պարտադիր պետք է ունենար բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն: Սակայն հիմա՝ օրենսդրական փոփոխություններից հետո, համայնքի ղեկավար դառնալու համար պարտադիր պայման չէ բարձրագույն կրթություն ունենալը, ինչն էլ հանգեցրել է նրան, որ համայնքներից շատերում առաջադրվել են միջնակարգ կրթություն ունեցողները:

Օրենսդրական այս փոփոխությունը բացատրվել է նրանով, որ եթե Սահմանադրությամբ կրթական ցենզ չի սահմանված նախագահի համար, ուստի դրա անհրաժեշտությունը չկա նաեւ համայնքի ղեկավարի պարագայում: Ասել է թե՝ կրթական ցենզի սահմանումը հակասահմանադրական է:

Բացատրություններից մեկի համաձայն էլ` կրթական ցենզ սահմանելը մարդու իրավունքի խախտում է: Սա պնդում էր նաեւ մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանը՝ ԱԺ-ում օրենքի նախագծի քննարկման ժամանակ:

Չանդրադառնալով այն թեմային, թե ինչ կարող է լինել, եթե համայնքը ղեկավարի ոչ բավարար գիտելիքներ ունեցող անձը, եւ թե քանի մարդու իրավունք կարող է խախտվել այդ ժամանակ, փորձենք հասկանալ, թե այս ամենի արդյունքում ինչի կհասնենք ընդհանրապես: Ստացվում է, որ հանրապետության համայնքները կարող են ղեկավարել միջնակարգ կրթություն ստացած քաղաքացիները, ովքեր կարող են խնդիրներ ստեղծել իրենց իսկ ղեկավարած համայնքի բնակիչների համար: Վերջիններս ստիպված են լինելու իրենց լոկալ բնույթի հարցերի լուծումը փնտրել այլ ատյաններում: Դա մի կողմից: Մյուս կողմից՝ տուժելու են հենց պետական ծրագրերը: Արդեն որերորդ տարին է՝ բարձրաստիճան պաշտոնյաների, մասնավորապես՝ վարչապետի կողմից հաճախակի է հնչում այն միտքը, որ պետական ծրագրերը «չեն հասնում» գյուղացիներին կամ լավ չեն հասնում՝ դրանում հիմնականում մեղադրելով շրջվարչակազմերի ղեկավարներին: Երեւի վերջիններս էլ, իրենց հերթին, մեղադրում են համայնքի ղեկավարներին՝ ծրագրի այս կամ այն պահը բնակիչներին լավ չներկայացնելու կամ բացատրելու մեջ:

Սա, հիշեցնեմ, այն դեպքում էր, երբ դեռ համայնքի ղեկավարներն առնվազն միջին մասնագիտական կրթություն ունեին, իսկ ի՞նչ է լինելու այսուհետ, երբ նրանց մի զգալի մասը դա էլ չունի: Ի՞նչ է անելու խեղճ գյուղացին, եւ, ի վերջո, ի՞նչ է լինելու պետական ծրագրերի վերջը: Ինչպես են դրանք «տեղ հասնելու»: Թվում է` երկրում մեծ տեղ են տալիս կրթությանը, կարեւորում նաեւ մասնագետների վերապատրաստումը, այդ թվում՝ հանրապետությունից դուրս, եւ այս ուղղությամբ նույնիսկ քայլեր են ձեռնարկվում, բայց արի ու տես, որ համայնք կամ նույնիսկ երկիր ղեկավարելու համար ամենեւին էլ պետք չէ բարձրագույն կրթություն ունենալ:

Ինչպես նշել էր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, պաշտոնյա դառնալու համար առանձնապես խելք պետք չէ: Իրականում հասել ենք դրան: Եվ եթե աշակերտը տեսնի, որ պաշտոնյա դառնալու համար կրթություն ու գիտելիք պետք չէ, ինչպե՞ս կարող է նորմալ կրթություն ստանալ, հատկապես, որ այսօրվա աշակերտներն էլ հեռու չեն պաշտոնյա դառնալու հավակնություններից: Խեղճ նրանք, ովքեր բարձրագույն կրթություն ունեն, որոնց կղեկավարեն միջնակարգ կրթություն ունեցողները, ում հետ ստիպված կլինեն աշխատել ու «մեծ հարցերից» խոսել: Եվ չի բացառվում, որ երկիրն էլ մի օր նման մարդ կղեկավարի: Այս միտումները հնարավոր է դրան էլ հանգեցնեն:

Օրենսդրական այս փոփոխությունը դժգոհություն է առաջացրել հասարակության եւ իշխանության որոշ շրջանակներում, այն դեպքում, երբ Արցախի խորհրդարանականները շատ հանգիստ կողմ են քվեարկել:

Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ