կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-08 10:23
Հասարակություն

Անտերունչ ճանապարհներ

Անտերունչ ճանապարհներ

Վանաձորի Ռուսթավի փողոցում այս աննախանձելի իրավիճակն է արդեն երկար տարիներ, եւ, հավանաբար, այդպես էլ կմնա, քանի դեռ Վանաձորի քաղաքապետն է Սամվել Դարբինյանը: Մենք հակված ենք քաղաքի ծայրամասային այս փողոցի տխուր ճակատագիրը կապել հենց ներկա քաղաքապետի անվան հետ, որովհետև նախ` նրա երկար իշխանության տարիներին է այսպես այլափոխվել, ապա նրա օրոք է, որ փողոցը հետևողականորեն «բանի տեղ չի դրվում»: Լավագույն դեպքում` քաղաքի այլ` «կարևոր» փողոցները նորոգելիս քանդված ասֆալտն է երբեմն-երբեմն բերվել-փռվել այս փողոցում, ինչի հետեւանքով ճանապարհը պատվել է նախկինից ավելի խոր և անանցանելի փոսերով:

Փողոց կոչվածն էլ, ի դեպ, առանձնապես մի բան չէ` եղած-չեղածը մի 300 մետր, բայց քաղաքային բյուջեից այդ կարճ ճանապարհը ասֆալտապատելու կամ նորոգելու միջոցներ այդպես էլ չեն գտնվում: Քաղաքապետի բնակված գյուղ-թաղամասի (Ղշլաղ) ճանապարհները ամեն տարի վերանորոգվում են. քաղաքապետի ու նրա ղոնախների թանկարժեք ավտոմեքենաների տակերը հո չե՞ն խփելու: Իսկ ահա Ռուսթավի փողոցի համար, որի շրջակա բարձրահարկ շենքերում Ղշլաղ գյուղի բնակչությունից երկու անգամ ավելի մարդ է ապրում, քաղաքապետարանը միջոցներ չունի:

Իբր քարուքանդ եղած ճանապարհը քիչ է, երեք տարի առաջ թաղամասում ջրագծերի նորոգման մեծ ծրագիր սկսվեց: Ջրագծերը փոխվեցին, ծրագիրը բարեհաջող ավարտին հասավ, սակայն գրաֆիկն այդպես էլ չփոխվեց  (ջուրը տրվում է երկու օրը մեկ` մեկ-մեկուկես ժամով), չփոխվեց նաև մատակարարվող ջրի որակը: Փոխարենը արդեն հիմնովին ավերվեցին Ռուսթավի փողոցն ու մայթերը, այդպես ավերված էլ մնացին:

Փողոցի սկզբնամասն է միայն` մոտ 20-30 մ, որ ամեն տարի կանոնավոր ասֆալտապատվում է` կից ոստիկանության թաղամասային բաժանմունքն է: Անհայտ է` ոստիկանությունն ի՞նքն է իր միջոցներով ապահովում ճանապարհի բարվոք վիճակը, թե՞ դա Վանաձորի քաղաքապետի և քաղաքապետարանի հարգանքի տուրքն է հայրենի իրավապահներին:

Հայտնի է միայն, որ ոստիկանության շենքն անցնելուց հետո վարորդների համար սկսվում է չարչարանաց ճանապարհն ու այն հաղթահարելու մասնագիտական փորձությունը, որը գրեթե միշտ ուղեկցվում է հայհոյանքներով: