Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ՀԱԿ-իշխանություն աշխատանքային խմբերի երկրորդ հանդիպումից հետո կոալիցիայի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հաստատեց, որ իշխանությունը պատրաստ է քննարկել արտահերթ ընտրությունների անցկացման հարցը:
«Երբ խոսքը վերաբերում է երկխոսությանը, ապա շատ տարօրինակ կլինի, եթե կողմերից մեկը հենց սկզբից ասի` գիտեք ինչ, ես եկել եմ որոշակի սահմանափակումներով»,- ասաց նա:
Անդրադառնալով Լ. Զուրաբյանի հայտարարությանը, որ «եթե երկխոսության գործընթացում խաղաղ ճանապարհով արդյունքի չհասնեն, առճակատում կլինի», իշխանության ներկայացուցիչն ասաց. «Թե ինչ է նշանակում առճակատում, հարցը պետք է ուղղեք պարոն Զուրաբյանին: Ես կարծում եմ, որ երկխոսությունը քաղաքակիրթ եղանակ է, որն անգամ ամենալարված իրավիճակներում շատ հաճախ հնարավորություն է ընձեռել ստեղծել քաղաքակիրթ մրցակցության դաշտ: Ես չեմ կարծում, որ դա իրական մտադրություն է: Իմ կարծիքը բանակցող մյուս կողմի մասին շատ բարձր է, եւ եթե նման հայտարարություն անգամ արել են, ապա դա արել են զուտ մարտավարական նպատակներով, ոչ ավելին»:
Հարությունյանը նաեւ շեշտեց, որ այս պահին երկխոսում են հակադիր քաղաքական հայացքներ ունեցող կողմեր, իսկ երբ առկա են հակադիր քաղաքական հայացքներ, ապա յուրաքանչյուր կողմ կարող է կատարել սխալ` ասելով, որ դադարեցնում է երկխոսությունը: «Իհարկե, կարող է արդյունքում լինել նաեւ սրվածություն, սակայն դա ամենեւին չի նշանակում, որ միայն այդ պատճառով մյուս կողմը պետք է ընդունի յուրաքանչյուր դիրքորոշում»,- ասաց նա:
Լրագրողների հարցին` առաջի՞ն հանդիպումն ավելի լարված անցավ, թե՞ երկրորդը, Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ որեւէ լարվածություն չկար, եւ իրենք այսօր եւս շատ արդյունավետ են աշխատել:
Ինչ վերաբերում է օրակարգին, ապա, կոալիցիայի պատվիրակության ղեկավարի խոսքով, իրենց առաջարկը շատ ավելի գլոբալ է, պակաս վիճելի եւ շատ ավելի կարեւոր:
Հարցին` շարունակո՞ւմ է բացառել արտահերթ ընտրությունների անցկացումը, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Ես երբեք չեմ ասել բացառել բառը, բայց ասել եմ, որ այս պահին որեւէ հիմք չեմ տեսնում անցկացման համար: Հենց դրա համար է երկխոսությունը, որպեսզի կողմերն առնվազն փոխանակեն իրենց տեսակետները, բերեն իրենց հիմնավորումները, եւ յուրաքանչյուրս փորձենք հասկանալ մյուս կողմի հիմնավորումները»: