|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Միացյալ Թագավորությունում այսօր ավարտվելու է 12-րդ դարից ավանդաբար իրականացվող` Թեմզա գետի կարապների հաշվառումը: Այն սովորաբար կատարվում է հուլիսի երրորդ շաբաթվա ընթացքում:
Սպիտակաթույր թռչուններն արդեն քանի դար է` պատկանում են միապետին, եւ միջնադարյան Եվրոպայում կարապը թագավորական սեղանի ցանկալի ուտեստներից էր: Այդ թռչունների բազմացմամբ եւ հաշվառմամբ զբաղվում էր թագավորի անձնական շքախմբի հատուկ պաշտոնյան:
Ներկայումս այդ առաքելությունն իրականացնում է Օքսֆորդի համալսարանի կենդանաբանության ֆակուլտետի պրոֆեսոր Դեւիդ Բարբերը: Անցած 5 օրերի ընթացքում նա իր օգնականների հետ հաշվառել ու չափագրել է Թեմզայի ողջ երկայնքով լողացող թռչուններին` չափել է կտուցի երկարությունը, գլխի ծավալը, օղակավորել է կարապներին, անհրաժեշտության դեպքում նաեւ բուժել:
Ըստ Բարբերի` ներկայումս էլ կարապները համարվում են թագավորական թռչուններ, դրանց սպանելն արգելվում է: Հաշվառման ավարտից հետո պրոֆեսորը զեկույց է ներկայացնելու թագավորական պալատ:
Մի քանի տասնամյակ առաջ երկրի խորհրդարանում բարձրացվել էր թագավորական այդ արտոնության վերացման հարցը, սակայն մանրամասն քննարկումից հետո այդ ավանդույթը պահպանվեց` որպես կարեւոր բնապահպանական միջոցառում: