կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-12 07:41
Իրավական

Ոստիկանապետը բացառում է օբյեկտիվ քննության իրականացումը

Ոստիկանապետը բացառում է օբյեկտիվ քննության իրականացումը

Այս օրերին արդուկն էլ միացնում ես, խոսում է մարտի 3-ին կառավարության շենքի մոտ մի կողմից` ոստիկանների, մյուս կողմից` պատգամավորների եւ բացօթյա առեւտրի սահմանափակումից դժգոհ ցուցարարների միջեւ ծեծկռտուքի մասին, որի արդյունքում մի կին տարվել էր հիվանդանոց, ծեծ էին կերել պատգամավոր ու մի քանի ցուցարարներ: Վարչապետ Տիգրան Սարգսյանը խոստացավ օբյեկտիվ քննություն իրականացնել: Նման մի դիմում էլ օմբուդսմենը ուղարկեց ոստիկանապետին:


Կարծում եմ` շատերն էին կասկածում, որ մեր ոստիկանությունն ունակ է դեպքերի օբյեկտիվ քննություն իրականացնել: Այդպես էլ եղավ: ՀՀ ոստիկանապես Ալիկ Սարգսյանը հայտարարեց, որ ոչ մի օբյեկտիվ քննություն էլ չի լինելու: Ճիշտ է, նա հենց այդպես չվերցրեց ու «քյասար» ասաց, բայց ասաց:

 

Ոստիկանապետը կառավարության` մարտի 10-ի նիստից հետո վերջապես որոշեց հանդիպել ավանդաբար կառավարության առջեւ ցույց անողների հետ: Նա մի լավ մուննաթ եկավ բոլորի, մանավանդ` պատգամավոր Զարուհի  Փոստանջյանի վրա` պարբերաբար կրկնելով, որ թույլ չի տա վիրավորել իր ոստիկաններին: Ապա հայտարարեց, թե վարչապետը զանգել է, եւ իրենք Հանրապետության հրապարակում տեղի ունեցած դեպքերը «նորմալ վերլուծել են ու գտել, որ ոստիկանները նման վերաբերմունքի պարագայում ոչ իրավաչափ որեւէ գործողություն չեն կատարել»:


Այսինքն` ոստիկանները վարչապետի հետ հանգամանորեն քննել են միայն իրենց նկարած կադրերը, որտեղ ցուցարարներն ու պատգամավորները ներկայանում են որպես փողոցային ավազակներ, եւ եկել այն եզրակացության, որ լավ էլ արել են, որ ցուցարարերին ծեծել են, հլա գլուխներն էլ պիտի ջարդեին:



Բայց կան նաեւ ցուցարարների կադրերը, որտեղ ոստիկաններն իրենք են փողոցային խուլիգանների պես պահում իրենց: Այ դրանք ոչ միայն քննության չեն ենթարկվել, չեն էլ ենթարկվելու` ոստիկանի տված զավեշտալի պատճառաբանությամբ. «Մենք չենք ուզում ձեր հետ հարաբերությունների մեջ մտնել եւ կադրեր փոխանակել»:

 

Հարցին, թե տեսե՞լ է ոստիկանապետը՝ ինչպես է ոստիկանը գցում  Վարդգես Գասպարիին, Ալիկ Սարգսյանը պատասխանեց. «Վարդգես Գասպարիին տեսագրությունում հրել, գցել չկա: Որ արդեն տանում են ոստիկանության բաժին, էդ տեսագրությունն է»:

 

Այդ դեպքում, սիրելի' ոստիկանապետ, ինչո՞ւ չեք ձերբակալում ցուցարարներին ու, մասնավորապես, «Ժառանգության» պատգամավորներին, եթե նրանք հանցագործներ են եւ օրը ցերեկով ոստիկանների են ծեծում:


Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ