կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-17 22:30
Առանց Կատեգորիա

ԿԱՊԻՏԱԼ. Բանկերը՝ ՊԿՊ շուկայի հիմնական խաղորդներ

ԿԱՊԻՏԱԼ.   Բանկերը՝ ՊԿՊ շուկայի հիմնական խաղորդներ
Պետական կարճաժամկետ պարտատոմսերի (ՊԿՊ) նկատմամբ պահանջարկը հետզհետե ավելանում է: 2011թ. մայիսի 16-ին տեղաբաշխման ենթակա ՊԿՊ-ի ծավալը եղել է Դ1,5 մլրդ, իսկ պահանջարկը՝  2,2 անգամ ավելի` կազմելով Դ3,4 մլրդ: Այդ տեղաբաշխումից ստացված հասույթը մոտ Դ1,4 մլրդ է: Նշենք, որ ՊԿՊ-ի նախորդ տեղաբաշխման ժամանակ ևս պարտատոմսերի ծավալը եղել է Դ1,5 մլրդ, սակայն, միևնույն ժամանակ, պահանջարկը կազմել է Դ830 մլն: ՊԿՊ-ի եկամտաբերությունը կրճատման միտում է դրսևորում, մասնավորապես՝ նախորդ թողարկման ժամանակ դրանց միջին եկամտաբերությունը եղել է 10,4%, իսկ վերջին թողարկմանը՝ 9,8%:
Փաստորեն ստացվում է, որ չնայած եկամտաբերությունն ընկնում է, այնուամենայնիվ պետական պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը շարունակում է աճել: Մասնավորապես` մարտին ՊԿՊ-ի եկամտաբերության միջին մակարդակը եղել է 8,6%, միևնույն ժամանակ, դրանց նկատմամբ դրսևորված պահանջարկը մոտ 3 անգամ գերազանցել է թողարկմանը:
Սակայն նշենք, որ նախորդ ամիսների ընթացքում ՊԿՊ-ի եկամտաբերությունը համեմատաբար ցածր է եղել, մասնավորապես` հունվարին միջինը կազմել է 8,53%, փետրվարին` 8,3%, մարտին` 7% , ապրիլին` 8,86%: Իսկ մայիսին արդեն եկամտաբերությունը մոտ 1%-ային կետով աճել է, հավանաբար դրա վրա իր ազդեցությունն է թողել ԿԲ-ի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը, որը ներկայում կազմում է 8,5%: 
Միջնաժամկետ պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը նախորդ ամիսների նկատմամբ կրճատվել է, իսկ եկամտաբերությունը՝ ավելացել: Մասնավորապես՝ փետրվարին միջին եկամտաբերությունը եղել է մոտ 13,5%, մարտ-ապրիլ ամիսներին այն աճել է մինչև 14%, իսկ արդեն մայիսին միջին եկամտաբերությունը մոտ 14,56% է:
Ինչ վերաբերում է պետական երկարաժամկետ պարտատոմսերին և դրա նկատմամբ դրսևորվող պահանջարկին, նշենք որ 2011թ. վերջին թողարկման ծավալը կազմել է Դ4,5 մլրդ, իսկ պահանջարկը՝ մոտ Դ5,4 մլրդ, միջին եկամտաբերությունը եղել է 15,36%: 
Նշենք, որ հայաստանյան արժեթղթերի շուկայում պետական պարտատոմսերով գործառնությունները կազմում են ընդհանուրի  մոտ 95%-ը: Իսկ եթե հաշվի առնենք, որ ֆինանսական համակարգի ակտիվների մոտ 92%-ը բաժին է ընկնում Հայաստանում գործող 21 բանկերին, ապա կարելի է եզրակացնել, որ պետական պարտատոմսերում հիմնական  ներդրողներ հանդիսանում են այս կազմակերպությունները:
Ինչ վերաբերում է կորպորատիվ պարտատոմսերին, ապա նշենք, որ 2011թ. մարտին գործարքները նախորդ ամսվա համեմատ մոտ 20%-ով աճել են, սակայն նախորդ տարվա մարտի համեմատ կրճատվել են 53,8%-ով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում» կորպորատիվ պարտատոմսերի միջին եկամտաբերությունը տատանվում է 9,7-12,6%-ի սահմաններում:
Միևնույն ժամանակ, պետական պարտատոմսերով կնքված գործարքների եկամտաբերությունը տատանվում է 12,9-14%-ի սահմաններում: Այստեղ հարց է առաջանում՝ արդյոք թողարկվող պետական պարտատոմսերը թո՞ւյլ են տալիս կորպորատիվ պարտատոմսերի շուկային զարգանալ: Եթե հաշվի առնենք, որ ամեն դեպքում, պետական պարտատոմսերը ցածր ռիսկային և բարձր իրացվելի են, սրան զուգահեռ՝ ունեն եկամտաբերության ավելի բարձր մակարդակ, ապա կարելի է եզրակացնել, որ կորպորատիվ արժեթղթերում ներդրումներ կատարելն ուղղակի անիմաստ է դառնում: