կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-13 05:00
Առանց Կատեգորիա

Տեր-Պետրոսյանի նամակը Հեքմաթյարին

Տեր-Պետրոսյանի նամակը Հեքմաթյարին

Փաստացի մանրամասներ արցախյան պատերազմում մոջահեդների մասնակցության մասին

Պակիստանում թիվ մեկ ահաբեկիչ Ուսամա բեն Լադենի սպանությունը առիթ դարձավ, որպեսզի Հայաստանում կրկին հիշեն աֆղան մոջահեդների՝ արցախյան պատերազմում Ադրբեջանի կողմից մասնակցության մասին: Հայ պաշտոնյաների բացատրությունները, այդ թվում՝ հնչեցված խորհրդարանի ամբիոնից, շատ մակերեսային էին, այն դեպքում, երբ առկա է բավականաչափ փաստական արխիվ:

Աֆղան մոջահեդների՝ արցախյան պատերազմում Ադրբեջանի կողմից կռվելու մասին առաջին անգամ պաշտոնապես արտահայտվել է ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների ներկայացուցիչ Ջոն Կոռնբլյումը, ով 1993-ի աշնանը Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդի ամենշաբաթյա նիստում մտահոգություն է արտահայտել՝ Կովկասում մոջահեդների ներկայությունը համարելով շատ վտանգավոր զարգացում:

1993թ. դեկտեմբերի 22-ին Հայաստանի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը նամակներ է հղում Աֆղանստանի նախագահ Բրհան Էդ-Դին Ռաբանիին եւ վարչապետ Գոլբ Էդ-Դին Հեքմաթյարին, որոնցում մտահոգություն է արտահայտում ղարաբաղյան հակամարտության գոտում ադրբեջանական ստորաբաժանումների կազմում աֆղան մոջահեդների մասնակցության վերաբերյալ: Տեր-Պետրոսյանը նամակում հույս է հայտնում, որ դա կատարվում է առանց Աֆղանստանի ղեկավարության գիտության, եւ այդ փաստերը կարժանանան նրանց ուշադրությանը: Ռաբանին պատասխան ուղերձում գրում է. ՙԵս ստացա եւ ուսումնասիրեցի Ձեր ուղերձը որոշ անպատասխանատու աֆղանցիների մասին, ովքեր մասնակցում են ղարաբաղյան պատերազմին: Աֆղանական կողմը գիտակցում է Հայաստանի ղեկավարության մտահոգությունը: Մենք հավանություն չենք տալիս ԼՂ-ում ռազմական գործողություններին աֆղանցի քաղաքացիների մասնակցությունը… Մոջահեդների անվան տակ մի քանի վարձկանների մասնակցությունը չի կարող վատացնել բարեկամական հարաբերությունները Աֆղանստանի եւ Հայաստանի միջեւ՚:

Ադրբեջանական բանակին պարտությունից չփրկեց նաեւ աֆղան վարձկանների ներգրավումը, թեեւ ՙՀորադիզ՚ կայարանը վերագրավելու հարցում նրանց դերակատարությունը եղել է առանցքային: Ամերիկյան CNN հեռուստաընկերությունը 1993թ. նոյեմբերի 8-ին հաղորդել էր, որ ԼՂ-ի դեմ կռվում են մոտ 1000 աֆղան մոջահեդներ: Նույն օրը ՙԲոստոն գլոբը՚ գրել էր, որ օգոստոսից մոտ 1500 աֆղան մոջահեդներ վարչապետ Հեքմաթյարի կարգադրությամբ ուղարկվել են ղարաբաղյան ճակատ: 1993թ. օգոստոսի կեսերին Հեյդար Ալիեւը, ով նոր էր իշխանության եկել Ադրբեջանում՝ տապալելով Աբուլֆազ Էլչիբեյին, գաղտնի Աֆղանստան էր գործուղել ներքգործնախարարի տեղակալ Ռովշան Ջավադովին` Հեքմաթյարի հետ պայմանավորվելու վարձկաններ ուղարկելու հարցում: Մի քանի շաբաթ անց մոջահեդները տեղավորվել էին Մինգեչաուր քաղաքում՝ Լեռնային Ղարաբաղից ոչ հեռու:

Աֆղան վարձկանների թիվը եղել է 1500-2500, նրանց կենտրոնատեղին Աղդամից հյուսիս՝ Բաշ Քարվենդ գյուղի մոտակայքում էր: 1994թ. մարտ-ապրիլ ամիսներին ՙՀյումըն ռայթս ուոչ՚-ի ներկայացուցիչները մոջահեդներին տեսել են Բաքվի ՙԱդրբեջան՚ հյուրանոցում, պաշտպանության նախարարության շրջակայքում եւ Բարդա քաղաքում:

Ղարաբաղյան պատերազմին Ադրբեջանի կողմից ռուս եւ աֆղան վարձկանների մասնակցության մասին իր գրքում գրում է այն տարիներին ղարաբաղյան կարգավորման ռուս միջնորդ, նախագահ Բորիս Ելցինի հատուկ ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովը իր «Խաղաղություն Ղարաբաղին» հուշերի գրքում.«Ռազմական գործողությունների թեժ շրջանը եղավ 1993-ին: Արդեն ոչ թե տեղական մարտեր էին, այլ գործնականում համընդհանուր ճակատի գիծ եւ զանգվածային մարտական գործողություններ` ժամանակակից զենքերի կիրառումով, ընդարձակ տարածքների զավթմամբ: Նախաձեռնությունն անցավ հայերին. ղարաբաղցիներից եւ տարբեր երկրների կամավորներից բացի այնտեղ մարտնչում էին Հայաստանի կանոնավոր զորքերը: Մյուս կողմը հավաքագրել էր տարբեր վարձկաններ, այդ թվում շատ սպաներ Ռուսաստանի մի շարք մարզերի զինկոմիսարիատների միջոցով եւ շուրջ երկու հազար աֆղան մոջահեդներ»:

Ի դեպ, բավականաչափ փաստական նյութեր կան նաեւ ահաբեկչական «Ալ Ղաիդայի» Ադրբեջանում ծավալած գործունեության մասին:

Թաթուլ ՀԱԿՈԲՅԱՆ