կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-08 00:25
Առանց Կատեգորիա

Շուշիի ճանապարհին

Շուշիի ճանապարհին

Կիլիկիայի հայկական պետության թագավորներից Հեթում Երկրորդը իր հատած դրամների վրա գրել էր. «Սսոյ բերդն է թագաւոր»: Այսինքն`Կիլիկիայի Հայկական թագավորության մեջ իշխողը ոչ թե ինքն է, այլ Սսի անառիկ միջնաբերդը, որն ամենավերջինը ընկավ, եւ որի գրավումը խորհրդանշեց Կիլիկիայի հայկական պետության վախճանը: Արցախում տերը, իշխողը Շուշիի բերդն էր, որը, բարձրանալով տեղի հայկական բնակավայրերի հիմքի վրա, այնուհետեւ դառնալու էր պետականության վերջին բեկորներից Խամսայի մելիքությունների քայքայման եւ անկման պատճառը:

19-րդ դարի կեսերից Շուշին, սակայն, մի քանի տասնամյակ դառնալու էր հայ մշակույթի եւ դպրության ծաղկուն կենտրոններից մեկը: Հայկական Շուշին հրո ճարակ դարձավ 1920թ. մարտին, երբ նահանգապետ Սուլթանովի զինված հրոսակները կրակի եւ մոխրի վերածեցին քաղաքը` կոտորելով հայ բնակչությանը: Հատկանշական է, սակայն, որ քաղաքի ձեւափոխությունների ընթացքում ձեռք չտրվեց այրված հայկական մասի մի փոքր հատվածին, այն թողելով որպես ահեղ հիշեցում արցախահայությանը, թե վերջնական արդյունքում իրեն ինչ է սպասվում ապագայում:

1988թ. գարնանը կատարվեց Շուշիի հայկական թաղի հայ բնակչության տեղահանությունը, երբ մարդիկ բեռնատարներով իրենց ունեցվածքի մի մասը բարձած կամ պարզապես ոտքով, եկել հավաքվել էին Ստեփանակերտի մարզխորհրդի շենքի առջեւ: Պատմությունը նորից կրկնվեց, եւ արցախահայությանը տրվեց այն դասը, որը որպես հիշեցում եւ օրինակ պահվել էր մոտ վեց տասնամյակ:

1988թ. մայիսից մինչեւ 1991թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսները Շուշին բարձունքի վրա գտնվող քարեղեն մի լուռ սպառնալիքից աստիճանաբար դարձավ ահարկու մի վտանգ, որը մի կողմից ուղղված էր դեպ Քարինտակ եւ Շոշ գյուղերը, մի կողմից` դեպ Բերդաձոր` իր բուն հարվածը ուղղելով, սակայն, Ստեփանակերտի վրա:

1988թ. մայիսին Շուշիի հայկական քաղաքամասի տեղահանմամբ Ստեփանակերտում հայկական վերջին տները դարձան Կրկժանի թաղամասի տները, որոնք, սակայն, չթողնվեցին հայոց պատմության` մինչ այդ եղած մնացյալ վերջին տների նման: 1991թ. դեկտեմբերին Կրկժանի կրակակետերի լռեցմամբ սկսվեց հայ ժողովրդի հոգեբանական այն բեկումը, որով վերջին տունը դադարեց թողնվող տուն լինելուց: Շուշին պարտադրեց, որ Ստեփանակերտը լինի ոչ միայն պատերազմող հանրապետության մայրաքաղաք, այլեւ ռազմաճակատի առաջին գիծ:

Շուշին պարտադրեց, որ Ստեփանակերտում անգամ ավանդական անեծքները նոր տարազավորում ստանան, երբ բնակելի շենքերի նկուղները իջնող կամ առանձնատների պարիսպների տակ պատսպարվող ծեր կանայք Շուշիից քաղաքի վրա արձակված հրթիռների սուլոցը լսելով ասում էին` «Օդում չորանաս», «Ինքդ քեզ պայթես», «Թեւերդ չբացվեն»:

Շուշին Ստեփանակերտի շենքերի վրա ցույց տվեց, թե ինչ է նշանակում սլացող արկի եւ հրթիռի հարվածային ուժը, երբ դրանք, ճեղքելով պատը, պայթում են սենյակում, կոտորակվելով փշրում կահկարասին եւ ջարդելով սենյակների միջնորմները` խրվում տան հիմնապատերում: Շուշին ամայացրեց Ստեփանկարտի շենքերի վերին հարկերը եւ «կենդանությամբ լցրեց» քաղաքի բոլոր նկուղները:

Շուշին եկավ «սովորեցնելու», որ մարդկային ամենամեծ հարստություններից մեկը փողոցում ազատ քայլելն է, բակում նստելը եւ տանիք ելնելն ու այնտեղ հանգիստ կանգնելը:

Շուշին պարտադրեց, որ Ստեփանակերտի` հրետակոծությամբ շարքից հանված ջրագծերի փոխարեն քաղաքի տարբեր թաղամասերի աղբյուրների մոտ հերթերի գծեր գծվեն` առավելագույնս պաշտպանված լինեն պայթող արկերի բեկորներից, որոնք պայթյունից հետո կարկուտի նման ընկնում էին անգամ դույլերի մեջ, «ավազախառն ջուր» արտահայտությանը գումարելով նաեւ «բեկորախառն ջուր» արտահայտությունը:

Շուշին դարձավ արտահայտությունը հոգեբանական այն բեկման, որով հակառակորդի տարբեր բռնություններին ու կրակոցներին հաջորդեցին ոչ թե ԽՄԿԿ Քաղբյուրո, ԽՍՀՄ դեմոկրատական ուժերին եւ համաշխարհային  հասարակայնությանը ուղղված բաց նամակները, այլ այն գիտակցությունը, որ մինչեւ կրակոցին կրակոցով չպատասխանես, գրածդ նամակը կարդացող ու հաշվի առնող չի լինի:

Արցախյան պատերազմը հետեւակի ու զրահատեխնիկայի հարձակմամբ բուն դիրքային գրոհներին եւ պաշտպանական գիծը ճեղքելու փորձերին զուգընթաց տեղի լեռնային պայմաններում դարձավ նաեւ բարձունքների պատերազմ: Եվ Շուշին թե՛ ռազմատեխնիկական եւ թե՛ քաղաքական ու ազգային-հոգեբանական առումով դարձավ բարձունքների բարձունքը:

Շուշին մեզ պարտադրեց, որ բարձունքների այս պատերազմում Ստեփանակերտի վրա ամիսներ շարունակ տեղացած կրակի պատճառով 1992թ. մայիսին աշխարհի ամենագեղեցիկ, անկրկնելի եւ գրեթե անհավատալի տեսարանը մեզ համար դառնա Շուշիից Ստեփանակերտին նայելը: Մի ցանկություն, որն սկզբում անհավատալի էր, ապա դարձավ երազանք, սակայն այն իրականացավ, երբ դարձավ Ստեփանակերտն ավերող պարտադրանք:

Շուշիի ազատագրման տրամաբանական ավարտը դարձավ Լաչինով իրականացված միացումը, որը մինչ այդ որոնեցինք աշխարհի բոլոր մայրաքաղաքներում ու համաժողովներում, բայց որը, պարզվեց, նվաճվելու էր զենքով: Մի միացում, որը քաղաքական որոշում լինելուց առաջ ռազմաճակատի ողջ երկայնքով փորված դիրքեր էին, որոնք ճակատի այդ գծում առաջ ձգվելով հասան մինչեւ Գորիս:

 

Վարդան ԴԵՎՐԻԿՅԱՆ