կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-03 22:18
Առանց Կատեգորիա

Փակուղի տանող երկընտրանքներ

Փակուղի տանող երկընտրանքներ

Իշխանություն-ՀԱԿ մերձեցման միտումները, որոնք ավելի ու ավելի հրապարակային են դառնում, քաղաքական դաշտը լուրջ վերաձևումների առջև են կանգնեցնում: Այն ենթադրում է երկու հնարավոր սցենար:

Առաջին` Կոնգրեսը, պնդում է, որ նախնական երեք պահանջների կատարումից հետո իշխանությունը պետք է նաև մյուս 12-ը կատարի: Եվ այդ պահանջների կատարման ընթացքի նկատմամբ ստանձնում է արբիտրի դեր:

Երկրորդ` ՀԱԿ-ը համաձայնում է երկխոսությունը վերածել հակագործակցության` իշխանության որոշակի լծակներ ձեռք բերելու և այդ փոփոխություններին անմիջականորեն մասնակցելու նկատառումով:

Երրորդը ետդարձի տարբերակն է, որն ամենաանխոհեմն է և որին կողմերից որևէ մեկն ուղղակի չի գնա, որովհետև դա հավասարազոր կլինի ինքնասպանության:

Առաջին տարբերակը միանշանակ բխում է իշխանության շահերից: Այդպիսով, վերջինս ժամանակ շահելու ու գործընթացները բարեհաջող կերպով մինչև հերթական խորհրդարանական ընտրություններ հասցնելու հնարավորություն է ստանում, այսինքն՝ տապալում է ՀԱԿ-ի` արտահերթ ընտրություններ անցկացնելու «ծրագիրը»: Սա հանգեցնում է ՀԱԿ-ի նկատմամբ հասարակական անվստահության խորացմանը, և առաջիկա մեկ տարին վերջինիս համար դարձնում աստիճանաբար մարգինալացման ժամանակաշրջան: Անգամ ՀԱԿ-ի` խորհրդարան անցնելու շանսերը կարող են հավասարվել զրոյի:

Երկրորդ տարբերակը նշանակում է, որ ՀԱԿ-ն ընդդիմությունից կտրուկ դառնում է իշխանություն ու չնայած լիովին կորցնում է իր նկատմամբ հասարակական վստահությունը, սակայն ձեռք է բերում իշխանական լծակներ` գուցե ստեղծված իրավիճակից դուրս գալու կամ էլ ներկայիս համակարգը ներսից քանդելու վաղեմի նպատակը կենսագործելու համար: Բոլոր դեպքերում այս ուղին նշանակում է, որ ՀԱԿ-ը համակերպվել է իշխանության ներսում՝ գոնե առժամանակ, ստանձնել ՕԵԿ-անման կարգավիճակ: Գուցե վերջին տարբերակը կարող է բխել առանձին վերցրած ՀՀՇ-ի և Տեր-Պետրոսյանի շահերից, բայց այն ուղղակի հակասում է Հայ ազգային կոնգրեսի հռչակած նախնական նպատակներին, գաղափարներին, որոնք Կոնգրեսի համար կենսական նշանակություն ունեն: Այսպիսի ընտրությունը կարող է ինքնըստինքյան հանգեցնել ներքին պառակտման: Հետևաբար, ընթացող խաղում, քանի դեռ ինչ-որ անակնկալ, ոչ ստանդարտ քայլ չի ձեռնարկել, ՀԱԿ-ի կորուստներն ավելի նկատելի են:

Գուցե այդ պատճառով ապրիլի 28-ին Տեր-Պետրոսյանը ոչ մի խոսք չասաց, մայիսի 30-ից հետո իրենց անելիքների մասին: Տրամաբանությունը հուշում է, որ եթե իսկապես Կոնգրեսը ցանկություն չունի դուրս գալու խաղից, ապա պետք է ամեն ինչ անի մայիսի 30-ից հետո համակարգային շատ արագ փոփոխություններ պարտադրելու հարցում: Այս տեսանկյունից խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելը ամենահարմար լուծումն է, սակայն այստեղ էլ ի հայտ է գալիս դրա սահմանադրականության հարցը:

Հիմնական օրենքի 74.1 հոդվածը ԱԺ-ն նախագահի կողմից ցրելու ընդամենը 4 դեպք-իրավիճակ է նախատեսում, և այդ նախադրյալներից ոչ մեկն այս պահի դրությամբ չկա: Իհարկե, շատ ցանկանալու դեպքում կարելի է մասշտաբային մի ներկայացում սարքել: Մասնավորապես` նախագահը կարող է ցրել ներկայիս կառավարությունը, ապա շատ արագ նորը կազմավորել, ինչից հետո սահմանված կարգով վերջինս 20-օրյա ժամկետում խորհրդարանին կներկայացնի իր գործունեության ծրագիրը, իսկ ԱԺ-ն, երկու անգամ դրան հավանություն չտալով, նախագահին սահմանադրական հիմք կտա ցրելու խորհրդարանը:

Սակայն այս «տունտունիկը» հազիվ թե կիրառվի` չափից ավելի անլուրջ լինելու պատճառով: Սակայն ՀԱԿ-ի կողմից արագ գործողությունների պարտադրանքը կարող է նաև այլ, ավելի խորքային խնդիր լուծել. հրահրել իշխանական կոալիցիայի փլուզումը: Սերժ Սարգսյան-Տեր Պետրոսյան մերձեցումը ցանկացած ֆորմատով լինելու է կոալիցիոն փոխպայմանավորվածությունների ու պարտավորությունների հաշվին:

Այս պահին, իհարկե, կոալիցիայի փլուզումը լուրջ տեղաշարժերի տեղիք չի տա, որովհետև խորհրդարանում հանրապետականն ունի բացարձակ մեծամասնություն: Սակայն մի կողմից դա կվկայի, որ ՀԱԿ-ի որդեգրած քաղաքական նոր մարտավարությունն ավելի ճկուն է եւ Տեր-Պետրոսյանն էլ ավելի լավ շախմատիստ, իսկ մյուս կողմից՝ խորհրդարանական ընտրություններին քաղաքական դաշտը կարող է գնալ մասնատված և մրցակցությունն ավելի համառ կլինի: Այսինքն՝ ընտրությունների ելքը կլինի ավելի քիչ կանխատեսելի: Այնպես որ ժամանակի ձգձգումը կարող է նաև իշխանության ամբողջականության դեմ աշխատել: Սա ինչ-որ իմաստով փակուղային իրավիճակ է թե՛ իշխանության, թե՛ ՀԱԿ-ի համար:

Գևորգ ԴԱՐԲԻՆՅԱՆ