Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
1948թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև ընդունեց, որով ցեղասպանությունը որակվեց որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն:
1951թ. հունիսի 12-ից ուժի մեջ մտավ Ցեղասպանությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիան: Ի՞նչ է փոխվել մարդկության կյանքում այդ բանաձևերից ու կոնվեցիաներից հետո: Տեղի են ունեցել նոր ցեղասպանություններ, իսկ հին ցեղասպանությունները դատապարտող որոշումները շատ դանդաղ են ավելանում` պատանդ դառնալով քաղաքական գործոններին:
Թուրքական իշխանությունն այդպես էլ չի հասունացել ցեղասպանության փաստն ընդունելու համար, իսկ թուրքական դիվանագիտությանը ժամանակ առ ժամանակ հաջողվում է առկախել ցեղասպանությունը դատապարտող որոշումները: Այնուամենայնիվ, ճանաչման գործընթացն անկասելի է, իսկ թուրքական հասարակությունում ավելի ու ավելի բարձր են հնչում այն դատապարտող ձայները:
Մեզ` հայերիս համար շատ կարևոր են ոչ միայն Ցեղասպանության միջազգային դատապարտման փորձերը: Ցեղասպանության կանխման ամենահուսալի գրավականը մեր հզորությունն է` ռազմական, տնտեսական, մշակութային, գիտական: Դրա ամենավառ ապացույցը ղարաբաղյան պատերազմն է, երբ միայն ռազմական դիմակայությամբ հաջողվեց կանխել Արցախի հայաթափումը, պատժել ու նսեմացնել սումգայիթյան ոճրագործության հեղինակներին:
Սակայն մենք դեռ անելիք շատ ունենք:
Պետականության կայացման ճանապարհին մարտահրավերները ոչ միայն դրսից են, այլև ներսից: Անկախ դիվանագիտական հարթակում ճակատամարտերի ելքից` մեզ առաջին հերթին հարկավոր է թոթափել ցեղասպանության զոհի բարդույթը: Այնուհետև հարկավոր է արմատախիլ անել պետականության կայացմանը խոչընդոտող արատները` կոռուպցիան, անարդարությունը, ներքին գժտություններն ու հակամարտությունները, տնտեսության մենաշնորհացումը, սոցիալական անհավասարությունը։
Դեմ գնալով տարածաշրջանային ինտեգրացման փորձերին` մենք ոչինչ չենք շահում: Նույնը վաղ թե ուշ կգիտակցեն Թուրքիայում, մի քիչ ավելի ուշ` Ադրբեջանում: Իսկ թե ինչ կշահենք այդ ինտեգրացիայից կամ ինչ կկորցնենք, արդեն միայն մեզանից է կախված, մեր այսօրվա որոշումներից ու քայլերից: