կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-17 17:07
Իրավական

Ապրիլի 24-ին ընդառաջ` ոստիկանությունն անցել է ուժեղացված ծառայության

Ապրիլի 24-ին ընդառաջ` ոստիկանությունն անցել է ուժեղացված ծառայության

Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ընթացքում հասարակական կարգի եւ ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման համար ոստիկանությունում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը ղեկավարում է ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը:

 

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ոստիկանապետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը հայտնեց, որ ապրիլի 1-ից ոստիկանության ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ռեժիմի: Նրա խոսքով՝ հիմնականում ուժեղացված ծառայություն է իրականացվում պետական պահպանության օբյեկտներում:

 

Հովհաննիսյանը հայտնեց, որ «Հաղթանակ», «Կիևյան» և «Դավթաշեն» կամուրջների տարածքներում ավելացվել են պահակապարեկային ծառայության վերակարգերը, ովքեր ծառայություն են իրականացնում ծառայողական շներով:

 

Անդրադառնալով 100-ամյա տարելիցի հիմնական միջոցառումների ընթացքում նախատեսվող ծառայությանը, փոխոստիկանապետը նշեց, որ ապրիլի 23-ին System of a Down ռոք խմբի համերգի կայացումը պատշաճ ապահովելու համար ժամը 20:00-ից փակ կլինեն Հանրապետության հրապարակին հարող փողոցները: «Համերգին մասնակցել ցանկացող քաղաքացիների մուտքը կլինի միայն Շահումյան հրապարակի կողմից, իսկ ելքերը՝ Ամիրյան փողոցի և Տիգրան Մեծ պողոտաների կողմից»,- ասաց նա և հավելեց, որ հրապարակում նաև մասնակիցների թիվն է սահմանափակված, որոշակի թվաքանակից հետո ոստիկանությունը ստիպված կլինի նաև փակել մուտքի հնարավորությունը: «Երբ որ հասկանանք, որ հրապարակը թույլ է տալիս լրացուցիչ հոսքեր՝ կբացենք, սակայն հաշվի առնելով համերգի համար հրապարակում տեղադրված տեխնիկան, ներսում ազատ տեղաշարժվելու հնարավորությունը՝ հրապարակը փակ կլինի»,- ասաց նա:

 

Սամվել Հովհաննիսյանի խոսքով՝ Հանրապետության հրապարակում հնարավոր է տեղավորել մոտ 50 հազար մարդ:

 

Նշենք նաև, որ ապրիլի 24-ի առավոտյան արարողակարգային միջոցառումներ անցկացնելու նպատակով Մարզահամերգային համալիրից դեպի Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհները կլինեն փակ: Քաղաքացիների մուտքը Եղեռնի հուշահամալիր կսկսվի 13:00-ից:

 

Ոստիկանապետի տեղակալը խորհուրդ տվեց այդ օրը ձեռնպահ մնալ անհարկի երթևեկությունից: Հայցելով քաղաքացիներ ներաղոմտությունը` Հովհաննիսյանը խորհուրդ տվեց այդ օրը միայն անհրաժեշտության  դեպքում կազմակերպել երթևեկությունը:

 

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարնյանն էլ, իր հերթին, հորդորեց քաղաքացիներին այդ օրերին համագործակցել ոստիկանության հետ:

 

Մանրամասները՝ yekrir.am-ի տեսանյութում: