կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-21 23:01
Առանց Կատեգորիա

ՉՈՐՐՈՐԴ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ. ՀԱԿ-ը համարում է, որ Սերժ Սարգսյանը իրենց մեկ պահանջը կատարել է

ՉՈՐՐՈՐԴ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ. ՀԱԿ-ը համարում է, որ Սերժ Սարգսյանը իրենց մեկ պահանջը կատարել է

ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն ապրիլի 8-ին կայացած վերջին հանրահավաքում ՀՀ իշխանության առջեւ երեք պահանջ դրեց` քաղբանտարկյալների ազատ արձակում, Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու իրավունքի վերականգնում եւ մարտի 1-ի սպանությունները բացահայտելու պաշտոնական հավաստիացում: Տեր-Պետրոսյանն ընդգծեց, որ սրանք պետք է կատարված լինեն մինչեւ ՀԱԿ հաջորդ հանրահավաքը, այսինքն` ապրիլի 28-ին:

«Եթե դա տեղի չունենա, ապա Հայ ազգային կոնգրեսը, սպառված համարելով երկխոսության հնարավորությունը, հարկադրված է լինելու կտրուկ փոխել իր մարտավարությունն ու գործողությունների բնույթը»,- հայտարարեց ՀԱԿ առաջնորդն ու հավելեց, որ «ժողովրդի համբերությունն էլ չափ ու սահման ունի: Ապրիլի 28-ը պետք է դառնա կա'մ երկխոսության սկզբնավորման, կա'մ էլ իշխանության ու հասարակության վերջնական ջրբաժանի օր»:

Երեկ Սերժ Սարգսյանը խորհրդակցության է հրավիրել ուժային կառույցների պատասխանատուներին եւ դատաիրավական ոլորտի ներկայացուցիչներին` նրանց հրահանգելով նոր թափ ու ընդգծված ակտիվացում հաղորդել մարտի 1-ի դեպքերի բացահայտման ուղղությամբ:

Երեկ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանից մեկնաբանություն խնդրեցինք` կապված Ս. Սարգսյանի հայտարարության հետ. «Մենք համարում ենք, որ մարտի 1-ի տասը զոհերի բացահայտման պատրաստակամության վերաբերյալ պաշտոնական հավաստիացման մեր պահանջը կատարված է»: Այսինքն` ապրիլի 28-ը վերջնական ջրբաժանի օր չի՞ լինի, հետաքրքրվեցինք Զուրաբյանից: «Մենք հստակ հայտարարել ենք, որ ապրիլի 28-ին պետք է երեք պահանջը կատարված լինի, որպեսզի երկխոսության սկզբնավորման հիմք դրվի»,- ասաց Լեւոն Զուրաբյանը: