կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-26 23:56
Աշխարհ

Համանախագահների ամփոփումը հեռու է օբյեկտիվությունից

Համանախագահների ամփոփումը հեռու է օբյեկտիվությունից

ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Սերգեյ Ղազարյանը դրական քիչ բան է տեսնում անցյալ տարվա հոկտեմբերի 7-12-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից «Լեռնային Ղարաբաղը շրջապատող 7 օկուպացված տարածքներում» դաշտային առաքելության ամփոփման մեջ, բացի հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու մասին ձեւակերպումից։

Ըստ նրա` փաստաթղթի շատ ձեւակերպումներ հայկական կողմի համար անընդունելի են։ Նրա խոսքերով` համանախագահները խոսում են աղետալի հետեւանքների մասին, սակայն չեն նշում դրանց պատճառները, այնինչ, պետք է նշեն, որ դրանք Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի արդյունք են, ինչպես նաեւ Արցախի մայրաքաղաքի եւ այլ բնակավայրերի ավերածությունները։

Սերգեյ Ղազարյանի հավաստմամբ` անընդունելի է նաեւ այդ տարածքների բնակավայրերի՝ խորհրդային տարիների անվանումներն օգտագործելը, փաստաթղթում պետք է նշվեին նոր անվանումները։ Կամ ասենք, խոսում են Ադրբեջանից տեղափոխված հայերի մասին, բայց չեն ասում, որ Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի ջարդերի եւ Ադրբեջանի կողմից ագրեսիվ պատերազմի հետեւանքով են նրանք տեղափոխվել։

Խոսելով համանախագահների՝ հակամարտության կողմերի ղեկավարներին ուղղված` «խուսափել այս եւ այլ վիճելի տարածքներում ցանկացած գործունեությունից, որը կվնասի վերջնական կարգավորմանը կամ կփոխի այդ ոլորտների բնույթը» կոչի մասին, Սերգեյ Ղազարյանը նշել է. «Մենք իրենց կոչ չենք անում խուսափել իրենց երկրներում այս կամ այն գործունեությունից։ Յուրաքանչյուր ծրագիր, որն ուղղված կլինի մեր քաղաքացիների կենսամակարդակի բարձրացմանը, չենք հետեւելու կոչերին, այլ իրականացնելու ենք։ Յուրաքանչյուր աշխատանք, կապված մեր քաղաքացիների անվտանգության ապահովման հետ, անկախ ինչ տարածքում են բնակվում, նույնպես իրականացվելու է»։

Համանախագահների՝ այդ տարածքների գերեզմանոցների ու սրբավայրերի պահպանման խորհուրդը, ըստ Սերգեյ Ղազարյանի, նույնպես ճիշտ հասցեատիրոջը չի ուղղված։ «Երբ Ջուղայի խաչքարերը ջարդում էին, այն ժամանակ էր պետք արձագանքել, եւ մինչեւ հիմա չտեսանք լուրջ, կոնկրետ հասցեատիրոջն ուղղված մեղադրանք»,- շարունակել է նա։

«Համանախագահները մտադիր են հետագա առաքելություններ անցկացնել նաեւ այլ տարածքներում, որոնք տուժել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից» ձեւակերպումը նույնպես  հանձնաժողովի փոխնախագահը ճիշտ չի համարում: Նրա կարծիքով` պետք է հստակ նշվեր Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների մասին։

«Պետք չէ կողմնապահությունը օբյեկտիվության սոուսի տակ մատուցել»,- շեշտել է Սերգեյ Ղազարյանը։ Այս եւ մյուս շեշտադրումները ցույց են տալիս, որ համանախագահների զեկույցն օբյեկտիվությունից հեռու է, եւ, ըստ Սերգեյ Ղազարյանի, դեռ շատ աշխատանք պետք է իրականացվի այդ ուղղությամբ։