կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-26 01:25
Իրավական

Դատում են ԵՐԿԻՐ-ին (՞)

Դատում են ԵՐԿԻՐ-ին (՞)

Քիչ առաջ Կենտրոնի եւ Նորք-Մարաշի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Ռուբեն Ափինյանի նախագահությամբ, ավարտվեց ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի` «Երկիր» օրաթերթի դեմ հայցով դատական առաջին նիստը: Պատգամավորը պնդում է, թե իրեն զրպարտել ենք ու անձը վիրավորել:

Դատական առաջին նիստն անցավ «բարիդրացիական» մթնոլորտում. հայցվոր կողմը ներկայացրեց իր պահանջները, իսկ պատասխանող կողմը սիրով պատասխանեց բարձրացված հարցերին:

Հայցվոր կողմի փաստաբան Վահե Հովսեփյանը (ի դեպ, Տիգրան Արզաքանցյանը ներկա չէր դատին) դատարանին ներկայացրեց, որ հայցվորը հատկապես վիրավորվել է «էն լակոտը», «ավելի հասկանալի խոսում է հայրենի քյավառա բարբառով» եւ «ստիլյագ» բառերից:

«Իսկ եթե, օրինակ, «ստիլյագ» բառի փոխարեն թերթում գրվեր պճնամոլ կամ տարազամոլ, դա վիրավորանք չէի՞ք համարի»,- հայցվորին հարցրեց դատավորը` ի պատասխան լսելով փաստաբան Հովսեփյանի բողոքը. «Հարգելի' դատարան, դե գոնե մոդայիկ գրվեր»:

Հայցվոր կողմը զրպարտություն է համարում պատգամավորի մասին նյութում տեղ գտած «Ինքնաթիռով գեղեցկուհիններ է տանում-բերում», «Հայտնի է` որպես կազինոների մշտական այցելու», «Շարունակ ծեծ ուտելու սովորությունը», «Ծեծ է կերել եւ ամեն անգամ ծեծվելուց հետո», «Նախորդ նստաշրջանում մեկ անգամ է երեւացել ԱԺ-ում» արտահայտությունները:

Իսկ ըստ պատասխանող կողմի` հայցվորի նշած թե' «վիրավորանքները», թե' «զրպարտությունները» փաստ են եւ իրականություն: Այդ կապակցությամբ «Երկիր»-ի փաստաբան Լիանա Գրիգորյանը դատարանին ներկայացրեց նաեւ ռուսական եւ հայկական լրատվամիջոցներում տպագրված հոդվածներ, որոնք վերաբերում են Տիգրան Արզաքանցյանի:

Նյութերն աչքի անցկացնելուց հետո դատավոր Ափինյանը, դիմելով փաստաբան Հովսեփյանին, հարցրեց, թե նա չգիտի՞, որ բազմաթիվ նյութեր են տպագրվել Տ. Արզաքանցյանի մասին: Պարզվեց, որ փաստաբանը տեղյակ չէ:

Դատավոր Ռ. Ափինյանը նիստը հետաձգեց մինչ սույն թվականի ապրիլի 11-ը. պատասխանող կողմը կներկայացնի առաջին դատական նիստի ընթացքում բարձրացված բոլոր հարցերի ապացույցները: