Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունվարի 7-ին վանաձորցի Սիրվարդ Ստեփանյանն աղջիկ էր ունեցել` 6-րդ երեխան: Թվում է` ի՞նչ կա որ: Հերթական ծնունդն է քաղաքում: Բայց ոչ: Սա սովորական ծննդաբերություն չէր: Մայրը երեխային լույս աշխարհ էր բերել իր բնակարանի լոգասենյակում: Սա էլ դեռ ոչինչ: Լուր տարածվեց, թե ծննդաբերելուց անմիջապես հետո խեղդել է: Թե' ինքը, թե' ընտանիքի անդամները, սակայն, պնդում էին` երեխան մահացած է ծնվել:
Վարկածները բազմազան էին: Մայրն ասում էր, որ ամաչել է սկեսուր-սկեսրայրից և թաքցրել հղիությունը. «Ասել եմ, թե գրիժա ունեմ դրա համար է մեծանում որովայնս»: Հիմա արդեն դատաբժշկական փորձաքննությունը հաստատել է. «Պտուղը ծնվել է կենդանի, եղել է կենսունակ, զարգացման ֆիզիկական արատներ և կյանքի հետ անհամատեղելի բնածին անոմալիաներ չեն հայտնաբերվել: Նորածնի մահվան անմիջական պատճառ է հանդիսացել շնչուղիների արտաքին բացվածքների` պոլիէթիլենային թաղանթով փակման հետևանքով առաջացած մեխանիկական շնչահեղձումը»:
Փորձաքննության արդյունքները «Երկիր»-ին ներկայացրեց Վանաձորի քննչական բաժնի ավագ քննիչ Վաղինակ Մարտիրսյանը: Նշանակված է դատահոգեբանա-հոգեբուժական փորձաքննություն: Ոստիկանության Վանաձորի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 106 հոդվածի հատկանիշներով: Որդեսպան մորը մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին:
Բաժնում սպասում են ևս մեկ սահմռկեցուցիչ դեպքի փորձաքննության արդյունքներին: Հիշեցնենք, որ հրդեհի արդյունքում երկու մանկահասակ երեխա էր մահացել: Մայրը նրանց փակել էր տանը ու դուրս եկել: Քննությունը կպարզի` երեխաներն այրվե՞լ, թե՞ ծխախեղդ են եղել:
Ընթացքի մեջ է նաև քաղաքը ցնցած` հայրասպանության գործով նախաքննությունը: Դեպքը տեղի էր ունեցել փետրվարի 21-ին. 21-ամյա Տիգրանը կացնով սպանել էր հորը` Սերյոժա Ղուբաթյանին:
Մարտի 16-ին Լոռու մարզկենտրոնում կրկին սպանություն է կատարվել: Ոստիկանության Վանաձորի բաժին ահազանգ է ստացվել թիվ 1 հիվանդանոցային համալիրից, որ Մյասնիկյան 4 հասցեից կրծքավանդակի աջ կողմի ծակած, կտրած վերքով, անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել Վանաձորի բնակիչ` 75-ամյա Երվանդ Առաքելյանը: Քննիչ Մհեր Հարությունյանը տեղեկացրեց, որ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի առաջին մասով: Կասկածյալներ դեռևս չկան: Կատարվում է նախաքննություն: