Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ ԲՈՀ-ը հրապարակել է 2015-ին չհաստատված կամ մասնագիտական խորհուրդներ կրկնական քննարկման վերադարձված աշխատանքների ցուցակը: Ըստ այդմ` մերժված աշխատանքների թիվը 64-ն է, այդ թվում` 3 դոկտորական աշխատանք:
Ի դեպ, մերժված 64 աշխատանքներից 14-ը տնտեսագիտության մասնագիտական խորհուրդ է վերադարձվել:
Yerkir.am-ի հետ զրույցում ԲՈՀ-ի նախագահ Լիլիթ Արզումանյանը նշեց, որ, այո, մերժված կամ վերադարձված աշխատանքների առյուծի բաժինը տնտեսագիտությանն է, սակայն կան խորհուրդներ, որ նման խնդիրներ չեն էլ ունեցել: «Ես բավարարված եմ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի խորհրդից, ոչ մի բացթողում չի ունեցել, համեմատաբար` նաև ֆիզիկայի խորհուրդը, որը, ճիշտ է, անցած տարի 2 մերժում ունեցավ, բայց այս տարի չունի»,- ասաց նա:
Արզումանյանը հայտնեց նաև, որ 2013-ի հուլիսից մինչև 2015-ը 128 աշխատանք է մերժվել: Մերժված աշխատանքների թվաքանակի պակասելը, ըստ նրա, գալիս է նրանից, որ մասնագիտական խորհուրդները «միացել» են ԲՈՀ-ին, և միասին են աշխատում: «Նրանք էլ են գտնում, որ գիտությունը պետք է մաքրել: Հիմա գիտական աշխատանք գրողներն էլ մի քիչ ավելի զգոն են, բայց, միևնույն է, սա ցանկալի արդյունքը չէ»,- ասաց ԲՈՀ-ի նախագահը:
Արզումանյանը նշեց, որ արտագրության դեպքեր անընդհատ են լինում, ինչի դեմ էլ պայքարում է ԲՈՀ-ը: Ըստ նրա` մինչև հիմա չի հասկանում, թե ինչո՞ւ են մարդիկ այդքան ծանր տանում, երբ իրենք կրկնակի քննարկման են ուղարկում աշխատանքը: «Եթե մենք ասում ենք` ինչ-որ բանի կասկածում ենք, խնդրում ենք վերանայել, ի՞նչ կա այդտեղ»,- ասաց մեր զրուցակիցը:
Նա նշեց նաև, որ երեկ, օրինակ, աշխատանք է մերժել, որովհետև 2010 թվականի` մեկ ուրիշի ատենախոսությունից 49 էջ արտագրված էր: «Արտագրության համար խորհրդին մեղադրել չեմ կարող, մենք միասին աշխատում ենք, միահամուռ ուժերով փորձում գտնել սխալները: Եթե մինչև իմ նախագահ դառնալը խոսակցություններ էին պտտվում, թե ԲՈՀ-ն ամեն ինչ հաստատում է, խայտառակություն է, հիմա այս 2 տարում ես սկսել եմ մի գործընթաց, որը, ճիշտ է, շատ ծանր է, բայց կարողանում ենք գլուխ հանել. հիմա ինչի՞ց են դժգոհ»,- նշեց ԲՈՀ-ի նախագահը:
Ըստ նրա` իր պաշտոնավարման ընթացքում արդեն 190 աշխատանք է հետ տվել, և ինչ-որ տեղ արդեն հասկանալի է, որ իր դեմ շատերը դուրս կգան: «Ասում են` ես խախտումներ եմ անում: Մեր դաշտի կանոնակարգված կամ չկանոնակարգված լինելը կարող են ստուգել մեր կայքով»,- ասաց Արզումանյանը: