Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լոնդոնի բորսայում գնանշվող չինական Fortune Oil ընկերությունը չորեքշաբթի ձեռք է բերել Bounty Resources Armenia ընկերության 35% մասնաբաժինը: Ձեռքբերումն իրականացվել է Giant Global Development Limited ըկերության միջոցով, որը հանդիսանում է Fortune Oil-ի դուստր ձեռնարկությունը: Ինչպես հաղորդում է Լոնդոնի բորսայի (LSE) կայքը (www.londonstockexchange.com), գործարքի արժեքը կազմել է $24 մլն: Հայաստանի համար գործարքն ուշագրավ է նաեւ նրանով, որ գործարքի մասնակից ընկերությունների մասին լիարժեք տեղեկատվություն չկա ինտերնետում:
Bounty Resources Armenia ընկերությունը տնօրինում է հայկական երեք երկաթահանքերի, որոնց հաստատված, հավանական եւ նախնական գնահատված պաշարները 1,83 մլրդ տոննա են: Bounty Resources Armenia ընկերության 35% մասնաբաժնի ձեռքբերման քայլը Fortune Oil-ի անցյալ տարվա նոյեմբերի որոշման արդյունքն է, ըստ որի՝ ընկերությունը պետք է դիվերսիֆիկացնի գործունեությունը` գազի արտադրությունից եւ նավթի վերամշակումից բացի՝ զբաղվի այլ գործունեությամբ: Նոր ռազմավարությունը ենթադրում է Չինաստանի էներգիայի եւ հիմնական ռեսուրսների պահանջարկը բավարարելու համար ներդրումներ կատարել Չինաստանին աշխարհագրորեն մոտ երկրներում, այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են նավթը, գազը, քարածուխը, երկաթահանքը, պղինձը եւ այլն:
«Մենք չափազանց գոհ ենք, որ արդեն սկսել ենք ռեսուրսների ձեռքբերման մեր նոր ռազմավարության իրականացումը` Հայաստանի երեք երկաթահանքերում ներդրումներ կատարելով,- ասել է Fortune Oil-ի գլխավոր տնօրեն Թի Քիամ Փունը (Tee Kiam Poon) եւ հավելել,- Չինաստանում ռեսուրսների նկատմամբ աճող պահանջարկը եւ այս հանքերի զգալի պաշարները խոստումնալից հնարավորություններ են ստեղծում: Սա իսկապես առաջընթաց քայլ է ընկերության եւ բաժնետերերի համար: Մենք ակնկալում ենք, որ այս ձեռքբերումը առաջիկա տարիներին արդեն իրեն կարդարացնի»:
Ըստ LSE-ի տարածած տեղեկատվության` Fortune Oil-ի բաժնետոմսերը չորեքշաբթի առավոտյան աճել են 9.5%-ով այն լուրից հետո, որ այն ձեռք է բերել Bounty Resources Armenia ընկերության բաժնեմասը: «Մինչեւ դեկտեմբեր ամսվա 12.5 կետի հասնող թռիչքային աճը Fortune Oil-ի բաժնետոմսերը ողջ տարվա ընթացքում տատանվում էին 6-8 կետերի միջակայքում: Նման թռիչքաձեւ աճի պատճառը ընկերության նոր ռազմավարությունն է»,- նշված է Լոնդոնի բորսայի կայքում:
Չինաստանը աշխարհի երկաթահանքի խոշորագույն ներմուծողն է, որը 2010թ. ներմուծել է երկրում սպառվող երկաթի 60%-ը: 2000-2010 թթ. ընթացքում Չինաստանի կողմից երկաթի ներմուծումը 69 մլն տոննայից հասել է 619 մլն տոննայի: Ակնկալվում է, որ 2011թ. երկաթի ներմուծումը կաճի մինչեւ մոտ 712 մլն տոննա: Չինաստանում աճող պահանջարկը արտահանման լուրջ հնարավորություններ է ստեղծում նաեւ Հայաստանի համար:
Bounty Resources Armenia-ին պատկանող երեք երկաթահանքերի շահագործման արտոնագրերը պատկանում են Nagin ընկերությանը, որի 72% բաժնեմասը պատկանում է Caspian Bounty Steel Limited ընկերությանը: Մնացած 16.7%-անոց բաժնեմասը (շուրջ $2 մլն) պատկանում է Fortune Oil-ին: Fortune Oil ընկերությունը հնարավորություն ունի իր մասնաբաժինը հասցնել 50%-ի` $16 մլն լրացուցիչ ներդրման միջոցով: Երեք երկաթահանքերը գտնվում են Հրազդան, Աբովյան քաղաքներում եւ Սյունիքի մարզի Սվարանց գյուղում:
$24 մլն ներդրում կատարելով` Fortune Oil-ը նպատակ ունի վերոնշյալ երեք երկաթահանքերը շահագործել փուլ առ փուլ` հանքարդյունահանման նախապատրաստման, հանքարդյունահանման եւ հանքանյութից երկաթի մինչեւ 66% խտանյութ ստանալու միջոցով:
Հրազդանի երկաթահանքը կմշակվի առաջինը: Այն հանդիսանում է 40% երկաթի բաղադրությամբ բարձրորակ երկաթահանք է, որտեղ հավանական եւ նախնական գնահատված պաշարները 77 մլն տոննա են: Ակնկալվում է, որ Հրազդանի երկաթահանքը շահութաբեր կդառնա 2014-ից:
Ինչ վերաբերում է Աբովյանի երկաթահանքին, ապա այն կմշակվի Հրազդանի հանքից հետո, քանի որ երկաթի պաշարները ավելի խորն են, քան Հրազդանի հանքում: Ակնկալվում է, որ Աբովյանի երկաթահանքի պաշարները (255 մլն տոննա) թույլ կտան տարեկան արդյունահանել շուրջ 20 մլն տոննա հանքանյութ:
Սվարանցի հանքը կմշակվի վերջինը, քանի որ այն գտնվում է վաղ ուսումնասիրման փուլում: Սվարանցի երկաթահանքի պաշարները, ըստ նախնական գնահատականների, կազմում են մոտ 1,5 մլրդ տոննա (հավանական եւ ենթադրվող պաշարները` համապատասխանաբար 0,5 եւ 1 մլրդ տոննա):
Հանելուկային գործարք
Ուշագրավ է, որ վերոնշյալ չորս ընկերություններից (Fortune Oil, Giant Global Development Limited, Bounty Resources Armenia, Caspian Bounty Steel Limited) եւ ոչ մեկը պաշտոնական վեբկայք չունի: Իսկ Bounty Resources Armenia ընկերության մասին մինչ այս գործարքը որեւէ տեղեկատվություն չի եղել հայկական լրատվամիջոցների էջերում: Այս ընկերության մասին որեւէ տեղեկություն չկա նաեւ «Սփյուռ» տեղեկատուում:
Առնվազն մտահոգիչ է, որ շուրջ 1.5 մլրդ տոննա երկաթահանքի պաշարներ տնօրինող ընկերության մասին որեւէ տեղեկատվություն չկա: Ովքե՞ր են կանգնած այս գործարքի հետեւում, ի՞նչ է ստանալու Հայաստանը դրանից, ինչո՞ւ է մեր երկրի համար նման խոշոր գործարքը կատարվում այսպիսի «հանելուկային» ձեւով, ինչո՞ւ է այս մասին լռում ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը. սրանք հարցեր են, որոնց չարձագանքելը չի բխում Հայաստանի կառավարության շահերից: