Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Դեկտեմբերի 26-ի երեկոյան 80 տարեկան հասակում հասակում վախճանվել է հայ բեմարվեստի ամենահայտնի դերասաններից մեկը` կատակերգակ սիրված եւ ճանաչված դերասան ՀՀ ժողովրդական արտիստ Կիմ Երիցյանը:
Կիմ Երիցյանը ծնվել է 1930թ. նոյեմբերի 22-ին Թբիլիսիում: 1951-ին տեղափոխվել էր Երեւան, ընդունվել Պոլիտեխնիկական ինստիտուտ, մեկ տարի անց` ընդունվել գեղարվեստա-թատերական ինստիտուտ: 1955-ից, դեռ ուսանող, սկսել է խաղալ Մայր թատրոն: Ուշագրավ շատ դերեր է խաղացել նաեւ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում: Առաջին դերը կինոյում «Տիրացուն» էր` հռչակավոր «Նվագախմբի տղաները» ֆիլմում... Դերը նրան հռչակ բերեց, նրան այս դերով ճանաչում է արդեն մի քանի սերունդ: Նա հումարի մեծ վարպետ էր ու ամեն անգամ բեմ բարձրանալիս միշտ ժպիտ էր նվիրում հանդիսատեսին:
Ներկայացնում ենք Կիմ Երիցյանի հարցազրույցներից մեկը` իր եւ հումորի մասին` humor.am կայքից:
ԱՆՀՈՒՄՈՐ ՄԱՐԴՍՈՒ ՀԵՏ ՄԻԱՅՆ ԴԺՈԽՔ ԿԳՆԱՄ
Հարց.-Հումոր, կատակ սիրո՞ւմ եք:
- Եթե չսիրեի, կլինեի ոչ թե Կիմ Երիցյան, այլ` Հումոր Կատակյան: Սիրահարված եմ հումորին եւ մինչեւ կյանքիս վերջը չեմ դավաճանի իմ սիրո առարկային, որովհետեւ ծիծաղեցնելն ավելի դժվար է, քան լացացնելը: Երկուսն էլ ինձ համար հարազատ են եւ առանց մեկը մյուսի չեն կարող գոյություն ունենալ: Երեւի դա է պատճառը, որ երբ ասում են հիանալի, լավ ղեկավար ունենք, անկախ ասպարեզից, հարց են տալիս` Իսկ հումորի հետ բարեկա՞մ է, եթե այո, ուրեմն մեզ էլ բարեկամ կլինի: Ինձ համար եւ' հումորը, եւ' կատակը, եթե նույն հումորի ու կատակի ձեւով ասեմ, ամենալավ կինն է, եւ սիրահարված եմ մինչեւ ականջներս:
- Կարո՞ղ եք հումորի զգացումից զուրկ մարդու հետ ճանապարհ գնալ:
- Այո, կարող եմ, եթե գնում ենք դժոխք:
-Արդյո՞ք բոլոր կատակներն են ընդունելի:
-Արդյո՞ք ինչ եփեն` կուտեք, ընդհուպ մինչեւ կոշիկ, որովհետեւ մեր հումորը չի հասնի հումորի ասպետ Չարլի Չապլինի հումորին` կոշիկ ուտելու առումով (ֆիլմի մասին է խոսքը):
-Լա՞վ է ճանաչված լինելը:
-Չեմ սիրում մոռացված լինել: Հուսով եմ` կինոժապավեններս չեն ջնջվի:
-Պատահե՞լ է, որ փողոցում Ձեզ դիմեն Ձեր մարմնավորած եւ ճանաչում վայելած հերոսի անունով:
-Երբեք հակառակը չի պատահել, միշտ ասել են տիրացու Կիրակոս, հիմա էլ` Թաթոս պապի:
-Ի՞նչը չեք հանդուրժում կյանքում:
-Ամենազավեշտալի եւ անլուրջ հարցն է (իհարկե, սա կատակով եմ ասում): Ավելի լավ է հարցնեք` ի՞նչ եմ հանդուրժում, ավելի հեշտ եւ արագ կպատասխանեմ. չեմ հանդուրժում անհանդուրժելի մարդկանց:
-Անեկդոտ պատմել սիրո՞ւմ եք:
-Նաեւ հնարում եմ, անեկդոտը հնարք է: Տարիներ առաջ արեւմտահայերենով ներկայացում էինք խաղում: Վերջում ինձ մոտեցավ մի տղամարդ եւ ուղղակի հարցրեց.
-Դուն ուրկե՞ եկած ես:
-Ոչ մի տեղից, երեւանցի եմ:
-Ամա~ն, շատ աղվոր կխոսեիր, ինձի չես կրնար խաբել: Ճիշտը ըսե', ուրկե՞ եկած ես:
Տեսա պրծում չկա, ինձ սեղմել է պատին, ստիպված ասացի ճշմարտությունը.
-Թիֆլիսից եմ եկել:
-Հա~, ատանկ ըսե, ախպար, դուն ալ Թիֆլիսի՞ ախպարներեն ես:
-Հավատո՞ւմ եք «աչքով տալ» արտահայտությանը:
-Աչքաբաց մարդ եմ:
-Ի՞նչ ճաշատեսակ եք նախընտրում:
-Մի անգամ մորս հարցրել են.
-Տիկին Շուշիկ, Կիմը ի՞նչ է սիրում ուտել:
-Ավելի լավ է հարցնեք` ի՞նչ չի սիրում, միայն մաննի կաշա, - պատասխանել է մայրս:
-Ըստ Ձեզ, հիշաչա՞ր եք:
-Ո'չ հիշաչար եմ, ո'չ էլ հուշաչար...Ռիսկս ի՞նչ ա, խելքս հո հացի հետ չե՞մ կերել:
-Ինչպե՞ս եք վերաբերվում այն տղամարդկանց, ովքեր ողբերգություն են դարձնում աղջիկ երեխայի ծնունդը:
- Նախ, իրենք պիտի չծնվեին, զուր էլ ծնվել են: Երեւի մոռանում են, թե մարդուն ով է լույս աշխարհ բերում:
-Ինչպե՞ս եք վերաբերվում կանանց:
-Նախ, իրենք շատ լավ են վերաբերվում ինձ: Ես մինչեւ կյանքիս վերջն էլ վերաբերվելու եմ, որովհետեւ իրենք միշտ էլ վերեւում են, այսինքն` վերեւից են բերվում, դրա համար էլ կանանց ասում են էակ, Է-ն Աստծո նշանն է, ակն էլ` ակունքը:
-Ի՞նչ կասեք այն տղամարդկանց, ովքեր ձեռք են բարձրացնում կանանց վրա:
-Փոխանակ շոյեն, հարվածո՞ւմ են: Նույնիսկ ալիքն է շոյում ժայռին, եւ ժայռն ավելի է գեղեցկանում: Այդպիսի տղամարդիկ ոչ միայն ձեռքեր, այլեւ ոտքեր էլ պիտի չունենան: