կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-24 20:00
Մշակույթ

Վախճանվել է Արմեն Հովհաննիսյանը

Վախճանվել է Արմեն Հովհաննիսյանը

Այսօր առավոտյան վախճանվել է հայտնի գրող, հրապարակախոս, թարգմանիչ, հասարակական-քաղաքական գործիչ, մանկավարժ, պրոֆեսոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Արմեն Հովհաննիսյանը։ 

Նա արցախյան պայքարի առաջնորդներից մեկն էր, մտավորական, ով բազմաթիվ ոլորտներում լուրջ ներդրում է ունեցել ու արժանացել մի շարք մրցանակների եւ շքանշանների ինչպես Հայաստանում, այնպես էլ մեր երկրի սահմաններից դուրս։

Արմեն Հովհաննիսյանը Գրողների միության եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից արժանացել էր «Կանթեղ» մրցանակի, Գրողների միության կողմից՝ «Ոսկե գրիչ» եւ Չարենցի անվան մրցանակների, ՌԴ «Բարեկամություն» շքանշանակիր էր, ՌԴ Մունիցիպալ ակադեմիայի Շոլոխովի անվան մրցանակակիր, ԼՂՀ-ն նրան շնորհել էր «Մխիթար Գոշ» պատվո շքանշան։

Նա երկար տարիներ աշխատել է Հայաստանի հեռուստառադիոընկերությունում եւ ղեկավարել է այն, մի շարք հայտնի հեռուստահաղորդումների հեղինակ էր, վարող։  

Արմեն Հովհաննիսյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ օգոստոսի 25-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում, ժամը՝ 18։00-ից։ Վերջին հրաժեշտը՝ Գրողների միությունում. ուրբաթ՝ օգոստոսի 26-ին` ժամը՝ 12։00-14։00։ 

Հուղարկավորությունը տեղի կունենա Երեւանի քաղաքային նոր պանթեոնում։