Եթե DENO GOLD MINING-ում առանց աշխատանքի մնան, կհամաձայնե՞ն ուրանի արդյունահանմանը
Կապանի հասարակական կազմակերպությունները խորը մտահոգություն հայտնեցին Deno Gold Mining ընկերության` Շահումյանի ոսկու բազմամետաղային հանքավայրը բաց եղանակով շահագործելու մտադրության վերաբերյալ: Հատկապես անհանգստություն առաջացրեց այն հանգամանքը, որ Deno Gold Mining ընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆալետտան տեղական հեռուստաալիքներով իր հայտարարությունն արեց այն ժամանակ, երբ աշխատանքային այցով Կապանում էր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Նախարարը Կապանում էր նոյեմբերի 12-ին` հակաուրանային հանրահավաքից անմիջապես հետո:
«Մենք մտավախություն ունենք, որ նախագիծը, որը միանշանակ պետք է մերժվի կառավարության կողմից, հնարավոր է` արդեն համաձայնեցվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության հետ»,- «ԷկոԼուր»-ի հետ զրույցում ասաց Կապանի «Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ի ներկայացուցիչ Արթուր Ղազարյանը:
Ղազարյանի կարծիքով` նախագիծը էկոլոգիական և սոցիալական բարձր ռիսկեր է պարունակում: «Մեզ մոտ առանց այն էլ ծանր էկոլոգիական վիճակ է: Գիտնականները հետազոտություններ են անցկացրել և հայտնաբերել են, որ մեր հողը և մեր գետերն աղտոտված են ծանր և տոքսիկ մետաղներով»,- ասաց Ղազարյանը:
Նա նշեց, որ Շահումյանի հանքավայրի մի մասը գտնվում է Կապանի տարածքում` Շահումյան բանավանում: «Բաց շահագործումը նշանակում է վերերկրյա պայթեցումներ, որի արդյունքում քաղաքը կծածկվի տոքսիկ փոշու շերտով: Ռենիումը և ցինկը բավական են, որպեսզի պատկերացնենք, թե ինչ ենք շնչելու: Մենք արդեն տեսնում ենք, թե ինչ է կատարվում Քաջարանում, որտեղ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի կողմից շահագործվող Քաջարանի հանքավայրի պայթեցումներից քաղաքի վրա փոշի է նստում»,- ասաց Ղազարյանը:
Բաց շահագործման նախագիծը կհանգեցնի նաև սոցիալական սուր խնդիրների: Բանն այն է, որ ընկերության նախագծով բաց եղանակով շահագործման դեպքում հանքահանումը մի քանի անգամ կավելանա, և հանքավայրի պաշարները 5-6 տարուց կվերջանան: Դա նշանակում է, որ ընկերությունն արագ կստանա իր շահույթը և կփակվի, իսկ մոտ 1000 աշխատակիցները, ովքեր ներկայումս ընկերությունում են աշխատում, առանց աշխատանք կմնան: Հաշվի առնելով այն փաստը, որ Deno Gold Mining ընկերությունը քաղաք ձևավորող ձեռնարկություն է, իսկ պետությունը ոչ մի այլընտրանքային ծրագիր չի իրականացնում Կապանում, ապա 5-6 տարին շատ կարճ ժամկետ է` արտադրություններ զարգացնելու համար, որոնք կկարողանային այդ մարդկանց աշխատանքով ապահովել: Արթուր Ղազարյանը չի բացառում այն հնարավորությունը, որ կառավարությունն ունի և թաքուն մտադրություններ: «Օրինակ` մի քանի տարի հետո աշխատողներին վարձել ուրանային հանքերի համար, որոնք կառավարությունը մտադիր է շահագործել Սյունիքում` մարդկանց հացի փող վաստակելու այլ ընտրություն չթողնելով»:
Արթուր Ղազարյանը նաև հայտնեց, որ ներկայումս նախագիծը ապրոբացիա է անցնում ընկերության և շահագրգիռ կողմերի կողմից: Կազմակերպության տեղեկությունների համաձայն` ենթադրվում է, որ նախագծի տարածքում պետք է հատվի մոտ 50.000 ծառ: Դրանք Շահումյան բանավանի սեփականատերերի մրգատու այգիներն են, ովքեր ներկայումս տեղափոխել են այլ վայրեր: