կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-05 14:21
Քաղաքական

Հայաստանի ներքաղաքական վիճակն ապակայունացնելու փորձը չհաջողվեց

Հայաստանի ներքաղաքական վիճակն ապակայունացնելու փորձը չհաջողվեց

ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը չի ազդի Հայաստանում նախագահական ընտրությունների արդյունքների վրա. Երեւան-Մոսկվա հեռուստակամրջի ժամանակ այսօր հայտարարեց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

 

Իր խոսքերը նա հիմնավորեց հանգամանքով, որ Պարույր Հայրիկյանը ընտրապայքարում ֆավորիտ չէր համարվում, նույնիսկ ավելին` իր հնարավորություններով նա չէր հավակնում ոչ միայն առաջին, այլեւ` երկրորդ, իսկ որոշ կանխատեսումներով` նաեւ երրորդ տեղին: Ուստի, Իսկանդարյանի մեկնաբանությամբ, մյուս թեկնածուները նրա դեմ մահափորձ չէին կազմակերպի` մրցակցին խաղից հանելու նպատակով:

 

Մահափորձը, ըստ նրա, ձեռնտու չէր նաեւ գործող իշխանություններին, քանի որ նրանց թեկնածուն հանդես է գալիս առաջատարի դիրքերից: Հայրկյանի վրա կրակողը, Իսկանդարյանի համոզմամբ, կրակել է պետականության խորհրդանիշի վրա, քանի որ Հայրիկյանն ինչ-որ չափով անկախության խորհրդանիշն է:

 

Հեռուստակամրջի մեկ այլ մասնակից` ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովն էլ նշեց, որ Հայրիկյանի ուղղությամբ կրակողները, եթե ցանկություն ունեին Հայաստանի ներքաղաքական իրավիճակն ապակայունացնել, դա նրանց չի հաջողվել: Մարկարովը այս միջադեպի ազդեցությունները դիտարկեց երեք տեսանկյունից` իրավական, էթիկական եւ «ռեալ պոլիտիկս»-ի:

 

Քաղաքագետը նշեց, որ էթիկական առումով Հայաստանի քաղաքական էլիտան ու հասարակությունը կոնսոլիդացվեցին այս քայլից հետո, քանի որ բոլոր թեկնածուները, քաղաքական ուժերի ներկայացուցիչները եւ հասարակությունը միանշանակ հանդես եկան դեպքի դատապարտմամբ:

 

Ինչ վերաբերում է «ռեալ պոլիտիկս»-ի տեսակետից հարցին նայելուն, ապա Մարկարովը նշեց, թե ինչ կփոխի այս միջադեպն ու հավելեց, որ տարբեր հարցումները ցույց են տալիս, որ առաջատար թեկնածուի ռեյտինգը 63 տոկոս եւ ավելին է, իսկ սա նշանակում է, որ հետագա նախընտրական քարոզարշավը չի կարող էական ազդեցություն ունենալ քաղաքական գործընթացի վրա: Մյուս կողմից` թեկնածուներից ոչ ոք չի կարող իր վարկանիշը բարձրացնել այնքան, որ կարողանա ընտրությունները տեղափոխել երկրորդ փուլ: