Միասին կարող ենք
կարևոր
1066 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-19 18:49
Աշխարհ

Մելոնին քննադատել է Թրամփի «հորինված» մեկնաբանությունները, թե ինքն «աղաչել» է լուսանկարվել նրա հետ

Մելոնին քննադատել է Թրամփի «հորինված» մեկնաբանությունները, թե ինքն «աղաչել» է լուսանկարվել նրա հետ

Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին քննադատել է Մեծ յոթնյակի գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մեկնաբանություններն այն մասին, թե ինքը խնդրել է լուսանկարվել նրա հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Guardian-ը։

«Ո՛չ ես, ո՛չ Իտալիան երբեք երբեք ոչ մեկից ոչինչ չենք խնդրում»,- ասել է Մելոնին X-ում հրապարակված տեսանյութում։

Իտալիայի վարչապետը նշել է, որ «զարմացած է» Թրամփի «լիովին հորինված» պնդումներից։

«Ես չգիտեմ, թե ինչու է Միացյալ Նահանգների նախագահն այսպես վարվում իր դաշնակիցների հետ. սա առաջին անգամ չէ։ Կարող եմ միայն ասել, որ հիասթափեցնող է, որ նա նույն վճռականությունը չի ցուցաբերում Արևմուտքի և Միացյալ Նահանգների թշնամիների նկատմամբ, որոնց առաջնորդների հետ նա, ընդհակառակը, շատ ավելի ներողամիտ է վարվում», – հավելել է նա։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իտալական La7 հեռուստաալիքի հետ զրույցում նշել էր, որ վարչապետ Ջորջա Մելոնին «աղաչել է» իրեն լուսանկարվել Մեծ յոթնյակի գագաթնաժողովի շրջանակներում։

«Նա աղաչեց ինձ լուսանկարվել իր հետ։ Նա այնքան էր ցանկանում լուսանկարվել ինձ հետ։ Ես չէի լուսանկարվի, բայց խղճացի նրան», – ասել է Թրամփը։

Ի պատասխան դրա՝ Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին չեղարկել է իր ծրագրված այցը Միացյալ Նահանգներ։

«Նախագահ Թրամփի լուրջ և վիրավորական խոսքերը վարչապետ Ջորջա Մելոնիի հասցեին վիրավորում են ամբողջ Իտալիային։ Այդ պատճառով ես որոշել եմ չեղարկել հունիսի 21-22-ը նախատեսված իմ այցը Միացյալ Նահանգներ», – նշել է նա X-ում գրառման մեջ։

G7-ի գագաթնաժողովը տեղի է ունեցել հունիսի 15-17-ը Ֆրանսիայի Էվիան-Լե-Բեն քաղաքում։