|
Փոխարժեքներ
04 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.01 |
| EUR | ⚊ | € 422.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.526 |
| GBP | ⚊ | £ 493.33 |
| GEL | ⚊ | ₾ 140.08 |
«Հայաստան» հրատարակչությունը լույս է ընծայել մեծանուն գրող Մկրտիչ Սարգսյանի (1924–2002) «Խնդրում եմ՝ չմոռանալ» խորագրով նոր ժողովածուն, որտեղ ամփոփված է Մկրտիչ Սարգսյանի «Ահեղ օրեր» պատմվածաշարը։ Պատերազմական թեմաներով պատմվածաշար գրելու մտադրության մասին գրողն առաջին անգամ մամուլում հիշատակել է 1969 թ. և ընթերցողին ներկայացրել նաև, որ ավարտել է շարքը՝ կենաց ու մահու սահմանագծին հայտնված զինվոր-անհատի յուրատեսակ «հոգեբանական վերլուծությունները»։
Սակայն «Ահեղ օրեր» պատմվածքների շարքը նա գրել է տասնամյակներ շարունակ (առաջինը թվագրված է՝ 1962, վերջինը՝ 1981), մշտապես վերադառնալով ժանրին և հոգեհարազատ թեմային՝ սերնդի սխրանքին, անհատի ողբերգությանը, խելագարված աշխարհի աբսուրդին, նաև՝ կործանման անհուսության մեջ սիրո և ծիծաղի, լուսավոր ինքնայրումի և մարդու մնալու, Աստծո աշխարհը փրկելու Ահեղ օրերին։
«Եվ վերջապես, այս թեմային իմ վերստին անդրադառնալը,— գրել է Մկրտիչ Սարգսյանը,— ոչ այլ ինչ է, քան իմ հոգու պարտքը իմ բազմաթիվ ընկերների հիշատակի նկատմամբ, որոնք ընկան և որոնց լինելությունը, ներկայությունը, իմ կարծիքով, մեծապես կօգնի այսօրվա երիտասարդությանը ոչ միայն լավ ապրելու, այլև ամենից առաջ՝ ճիշտ ապրելու համար»։
Գիրքը կազմել և հրատարակության է պատրաստել գրողի որդին՝ բանասիրական գիտությունների թեկնածու Վահագն Սարգսյանը։ Նախաբանը հեղինակել է բանաստեղծ, թարգմանիչ, բ․գ․թ․ Ներսես Աթաբեկյանը։