կարևոր
553 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-22 10:17
Հասարակություն

Նույնիսկ դավաճանն ու ուրացողը, մարդասպանն ու հանցագործն են իրենց ավարտուն հանցանքը համարում հաղթանակ․ Բագրատ Սրբազան

Նույնիսկ դավաճանն ու ուրացողը, մարդասպանն ու հանցագործն են իրենց ավարտուն հանցանքը համարում հաղթանակ․ Բագրատ Սրբազան

Թե՛ անձնական դրսևորմամբ` որպես անարյուն նահատակություն մեղքի դեմ պայքարով, բարիք գործելով, ուրիշների համար ինքնազրկումով, ընտանիքի համար զոհաբերությամբ և այլն, և թե՛ հավաքական դրսևորմամբ` արյան նահատակությամբ ազգի, պետության, Հայրենիքի, ինքնության, հավատքի պաշտպանության և գոյության համար` նայելով «Հավատքի Զորագլխին» (Եբր. 12:2), ով «չէ մարդ զաւրավար, այլ զաւրագլուխ ամենայն մարտիրոսաց» (Եղիշե, էջ 104):

Հետևաբար, ՆԱՀԱՏԱԿՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆԱՀԱՏԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՔՆԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ Է: Հաղթանակ սեփական անձի նկատմամբ, մեղքի նկատմամբ, Հաղթանակ մահվան և մահվան վախի նկատմամբ. «Հավիտենության մեջ նրանք պսակված պիտի ճեմեն և տոնեն իրենց հաղթանակը` անթառամ նահատակության պատերազմում հաղթած լինելու համար» (Իմաստ. Սողոմոնի 4:2-4):

Իսկ արդյո՞ք գոյություն ունի որևէ մարդ էակ, որ չի ձգտում հաղթանակի թե՛ իր փոքր կենցաղային խնդիրներում, աշխատանքում, սոցիալ-տնտեսական, ընտանեկան կյանքում և այդ ամենի համար պատրաստ չէ զոհաբերության` ինչ-որ երևույթներից, հաճույքներից ինքն իրեն զրկելու, բայց հասնելու հաղթանակի:

Այս ամենի ակնառու և լավագույն օրինակը մարզիկներն են, որոնց օրինակով, հատկապես ըմբիշների, մեր հայրերը մեկնաբանել են հաղթանակի հասնելու ճանապարհը: Նախ, որևէ մարզիկ չի մտածում կամ երազում չհաղթելու մասին, իսկ հաղթանակի և հաղթողի ճանապարհը տրվում է միայն տևական մարզումներով, աշխատանքով, զրկանքներով, տառապանքով, և այո՛, նահատակվելով կենցաղային հաճույքների նկատմամբ` հաղթանակի փառքի պսակի համար:

Ամբողջ կյանքը պատրաստվում են այդ մի քանի րոպեի հաղթանակի բերկրանքի համար: Մարզիկի հաղթանակը թեպետ անձնական, բայց տարածվում է ողջ պետության և ազգի վրա, թեև միգուցե առանց վերջիններիս մասնակցության այդ ողջ գործընթացին, շատ հաճախ նաև անտարբեր վերաբերմունքով, բայց տվյալ մարզիկի հաղթանակի պտուղը բոլորն են վայելում, և դրանից բոլորն են շահում` որպես պատիվ, արժանապատվություն և կենսագրություն:

Միգուցե զավեշտալի հնչի, բայց նույնիսկ դավաճանն ու ուրացողը, մարդասպանն ու հանցագործն են իրենց ավարտուն հանցանքը համարում հաղթանակ:

Այսինքն, հաղթանակի ձգտումը բնական զգացում և ապրում է անխտիր կերպով: Չկա որևէ մարդ, որ ցանկանա հաղթանակ չունենալ, պարտված ապրել: Այս պատճառով էլ մարդն ամեն ճանապարհ փնտրում է նույնիսկ ամենաչնչին հարցում պատճառաբանել իր պարտությունը` փորձելով ինքն իրեն հեռացնել դրանից:

Շարունակելի…

Բագրատ արք. Գալստանյան