կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-06 17:13
Իրավական

Պողպատե մանդատը թշնամու դեմ կիրառելու փոխարեն իշխանությունը ձերբակալում է ընդդիմադիր հայացքներով գործիչներին․ փաստաբան

Պողպատե մանդատը թշնամու դեմ կիրառելու փոխարեն իշխանությունը ձերբակալում է ընդդիմադիր հայացքներով գործիչներին․ փաստաբան

Պողպատե մանդատը ընդունելի կլիներ միայն թշնամու դեմ, որը, ցավոք, այդպես էլ չտեսանք եւ չենք տեսնում։ Փորձում են թույլ օղակն օգտագործել՝ Լուսինե Ավետյանին՝ կնոջ, նրա՝ սեռով պայմանավորված թուլությունն օգտագործել՝ իրենց համար ցանկալի ցուցմունքներ կորզելու համար․ մեկնաբանելով Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի ձերբակալությունը՝ Yerkir.am-ին ասաց նրա փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։

Փաստաբանի խոսքով՝ սա հերթական գործն է, որը կարել են այսօրվա իշխանությանը չերկրպագող եւ նրա համար չաշխատող գործչի վրա։

«Քրեական գործն ակնհայտորեն ունի քաղաքական ենթատեքստ․ կապված է նաեւ այն հանգամանքի հետ, որ նշված անձն ունեցել է որոշակի ընդդիմադիր կեցվածք, հարել է «Հայաստան» դաշինքին։ Սա, ըստ էության, վրեժի շարժառիթով քննվող քրեական գործ է, երկրորդը որոշակի բովանդակությամբ ցուցմունք կորզելուն ուղղված գործողություններ են»,- նշեց Ասլանյանը։

Նա ասաց, որ այս քրեական գործում գերակշռում է ոչ թե իրավաբանությունը, այլ քաղաքականությունը։

«Ձերբակալման արձանագրությունը բողոքարկվել է դատարան, այսօր տեղի կունենա բողոքարկման դատական նիստը։ Պաշտոնական կողմը գտնում է, որ բացակայում են ե՛ւ ձերբակալման հիմքը, ե՛ւ նպատակը, ե՛ւ կասկածանքն է անհիմն, չպարզաբանված, անլուրջ ձեւակերպումներով։ Ակնհայտ ապօրինի քրեական հետապնդում է իրականացվում»,- Yerkir.am-ին հայտնեց փաստաբանը։

Ասլանյանը հայտնեց, որ Լուսինե Ավետյանը չի ընդունում իրեն վերագրվող գործողությունները եւ փաստացի չէր էլ կարող անել, որովհետեւ այդպիսի լիազորություն չի ունեցել։

«Ինքը ոչ թե հանդիսացել է համայնքի ինքնուրույն ղեկավար, այլ կոնկրետ համայնքի մեջ մտնող բնակավայրի վարչական ղեկավար։ Հետեւաբար, նույնիսկ աբսուրդ են կասկածանքում նշված գործողությունները, որովհետեւ դրանք կատարելու հնարավորություն տվյալ անձը չի ունեցել»,- նշեց Րաֆֆի Ասլանյանը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Հատուկ քննչական ծառայությունը հայտնել էր, որ Ավետյանը 4 բնակչի «Դրամական աջակցություն» անվան տակ գումար է տրամադրել եւ հարկադրել, որ մասնակցեն ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների կապակցությամբ այս տարվա հունիսի 8-ին Գորիսում «Հայաստան» դաշինքի կողմից կազմակերպվելիք քարոզարշավին։ Ավետյանի փաստաբանը այս գործը համարում է շինծու եւ ապօրինի։