կարևոր
1573 դիտում, 8 ժամ առաջ - 2025-07-29 09:14
Իրավական

Հովիկ Աղազարյանի կաշառքի գործը կուղարկվի դատարան. «Ժողովուրդ»

Հովիկ Աղազարյանի կաշառքի գործը կուղարկվի դատարան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ իրավապահ համակարգին մոտ կանգնած աղբյուրները տեղեկություններ են հայտնում, որ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն առաջիկայում ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի կաշառքի գործով նախաքննության ավարտ կհայտարարի ու գործը կուղարկի դատարան:

Ինչպես հայտնի է, մանր եղջերավոր անասուններ Արաբական Միացյալ Էմիրություններ արտահանելու կաշառքի քրեական գործով անցնում են ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը եւ եւս երկու անձինք, որոնցից նա կաշառք էր պահանջել:

Մասնավորապես, ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի դեմ ցուցմունք տված անձը՝ Աշոտ Կամավոսյանը, պատմել է իրավապահներին, որ 300 հազար ԱՄՆ դոլար կաշառքը չեն կարողացել տալ Աղազարյանին ու վերջում պայմանավորվել են 100 հազար դոլար տալ նրան։ Գնացել, հանդիպել են պատգամավորին ՀՀ Ազգային ժողովին հարակից զբոսայգում, եւ հենց այնտեղ Աղազարյանին 20 հազար դոլար է առաջարկվել, սակայն պատգամավորը զայրացել է ու ասել, թե «պայմանավորվել էինք 100 հազար ԱՄՆ դոլար, ինչո՞ւ եք քիչ բերել, չեմ վերցնում»:

Առաջարկել է՝ «կգնա՛ք, կավելացնե՛ք նոր կգաք»։

Արդյունքում, ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը, Աշոտ Կամավոսյանը եւ Սլավիկ Պողոսյանը հայտնվեցին մեղադրյալի աթոռին: Կաշառքի գործով Աշոտ Կամավոսյանի եւ Սլավիկ Պողոսյանի վարույթը առանձնացվեց եւ փոխանցվեց Հակակոռուպցիոն դատարան: Վերջինս կայացրեց դատավճիռ՝ նրանց մեղավոր ճանաչելով առաջադրված մեղադրանքներում, եւ որպես պատիժ սահմանեց ազատազրկում՝ 2 տարի 6 ամիս ժամկետով։

ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածով սահմանված կարգով՝ որոշում է կայացվել «ազատազրկման ձեւով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան 3 (երեք) տարի ժամկետով»։

Տեսնենք՝ ինչ է սպասվում պատգամավորին»։