կարևոր
1981 դիտում, 2 օր առաջ - 2025-05-29 10:48
Քաղաքական

Ի՞նչ է տեղի ունեցել մայիսի 28-ին․ ՀՅԴ հաղորդագրությունը

Ի՞նչ է տեղի ունեցել մայիսի 28-ին․ ՀՅԴ հաղորդագրությունը

Մայիսի 28-ին Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման 107-րդ տարեդարձի առթիվ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ անցկացվեցին միջոցառումներ։

Նախ տեղի ունեցավ ծաղկեմատույցի արարողություն Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի մոտ, ապա օրվա խորհրդին նվիրված հանդիսավոր միջոցառում Սարդարապատի հուշահամալիրում։

Հուշահամալիրում ելույթներով հանդես եկան ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը և ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

Իշխան Սաղաթելյանը Հայ Յեղափոխական Դաշնակցության Գերագույն մարմնի անունից շնորհավորեց հայ ժողողվրդին Սարդարապատի ճակատամարտի վճռորոշ հաղթանակի առիթով:

«Մայիսի 28-ը ոչ միայն անցյալի արժևորման, այլև այսօր հետևություններ անելու, պայքարի ճիշտ ռազմավարություն ընտրելու օր է»,- ասաց նա:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի կողմից կազմակերպված Հանրապետության օրվան նվիրված միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաև երդման արարողություն։

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը շնորհավորեց հայ ժողովրդին մեծ, փառավոր հաղթանակի կապակցությամբ, ապա, դիմելով նորագիրներին, ասաց. «Սիրելի նորագիրներ, երդդման արարողությունը ամենակարեւոր, առանցքային իրադարձությունն է յուրաքանչյուր դաշնակցականի կյանքում: Դա առաջին քայլն է, որով դուք միանում եք Դաշնակցության մեծ ընտանիքին և ոչ միայն գործող դաշնակցականներին, այլ ժողովրդի ոգին պահող եւ այդ ոգով մեզ առաջնորդող բոլոր նահատակներին: Դուք դառնում եք նրանց ընկերը, նրանք դառնում են ձեր ուսուցիչը, դառնում ձեզ ուղորդողը: Դաշնակցության եւ դաշնակցականի համար սա սոսկ պարզ երդում չէ, սա ուխտ է, որ ամեն անձ անհատապես  որոշում է կայացնում այլեւս ապրելու առաջին հերթին հայրենիքի, ժողովրդի եւ հետո միայն իր համար»:

Երդում տվեցին և ՀՅԴ շարքերին միացան հինգ տասնյակից ավելի նորագիրներ։

 

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի

Հանրային կապերի գրասենյակ

29.05.2025թ.

Երևան