կարևոր
886 դիտում, 2 ամիս առաջ - 2024-09-18 22:09
Քաղաքական

Արցախի հայկական հետքի վերացման ադրբեջանական քաղաքականությունը նոր դրսևորումներ է ստանում՝ մասնակից դարձնելով դիվանագիտական կորպուսին. Գալստյան

Արցախի հայկական հետքի վերացման ադրբեջանական քաղաքականությունը նոր դրսևորումներ է ստանում՝ մասնակից դարձնելով դիվանագիտական կորպուսին. Գալստյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է.

«Արցախի հայկական հետքի վերացման ադրբեջանական քաղաքականությունը նոր դրսևորումներ է ստանում։ Ադրբեջանին հաջողվում է մշակութային զտման ու մշակութային ցեղասպանական իր քաղաքականությանն ու քարոզչությանը մասնակից դարձնել նաև դիվանագիտական կորպուսին։

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի ուղեկցությամբ Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի անդամներն օրերս այցելել են օկուպացված Դադիվանք, ուր Դադիվանքը ներկայացվել է որպես «ադրբեջանական մշակութային ժառանգության օրինակ»։

Ցեղասպան և ագրեսոր Ադրբեջանը հայկական մշակութային ժառանգության ոչնչացման ծրագրավորված և հետևողական պետական քաղաքականութուն է իրականացնում։

Ալիևի հրամանագրով անգամ համապատասխան հանձաժողով է ստեղծվել, որը լիազորված է կյանքի կոչել ադրբեջանական վանդալիզմի, ոչնչացման կամ յուրացման քաղաքականությունը։ Օրինակները բազում են։

Հիշեցնեմ, որ վերջերս Վատիկանում լույս տեսնող L'Osservatore Romano պարբերականում լույս էր տեսել «Քրիստոնեության ակունքներն Ադրբեջանում․ ալբանական առաքելական եկեղեցու հետքերով» բովանդակությամբ մի հոդված, ուր 13դ․ վանական համալիրներ Դադիվանքը և Գանձասարն անվերապահորեն ներկայացվում էին որպես «Ադրբեջանի տարածքում գտնվող ալբանական մշակույթի և ալբանական եկեղեցու խոշորագույն դրսևորումներ», իսկ «Ադրբեջանը՝ քրիստոնության օրրան»։  

Այսպիսի ողբերգական փաստի առաջ ենք կանգնած, որովհետև ապրում ենք բացակա պետության պայմաններում, որի «ղեկավարները» հակադրում են ազգայինն ու պետականը, Հայրենիքն ու Պետությունը։ Նրանք մեր Հայրենիք Արցախը պարզապես տվել են թշնամուն, ու թշնամին ինտենսիվորեն յուրացնում է այն՝ հեռակարում ունենալով Հայաստանը։

Հայաստանը մեթոդաբար ապաոգեղենացնում են, կեղծ օրակարգերով մեզ դարձնում սպառող, անհիշողություն, անինքնություն, անարմատ ու անհայրնիք մի զանգված, որին թե՛ կառավարելն է հեշտ, թե՛ աննշաձող պահանջները բավարարելը։

Իսկ մեր հասարակությունը շարունակում է չգիտակցել ողբերգության և աղետի մասշտաբը... հաջորդ հանգրվանը Հայստանն է։

Հայկական մշակույթի յուրացումը կամ ոչնչացումն Ադրբեջանում պետական քաղաքականության առաջնահերթություն է։

Ադրբեջանի պետական սիմֆոնիկ օրկեստրի և ազգային երգչախումբի երգացանկում «Էրիվանի թուրքական Հանրապետության» հիմնմ է, և այն համերգային կատարումներ է ունենում․․․:

Ի դեպ, վերջերս պաշտոնական հարցում էի ուղարկել կառավարությանը՝ ակնկալելով պատասխաններ ստանալ, թե ՀՀ կառավարության կողմից ինչ քաղաքականություն կամ ծրագիր է մշակվել՝ հակազդելու Արցախում հայկական մշակութային հետքի վերացմանն ուղղված ադրբեջանական քաղաքականությանը։

Ստացել եմ հրապարակման ոչ ենթակա, «գաղտնի» մակագրությամբ մի պատասխան ոչնչի մասին՝ կառավարության ծրագրային և ռազմավարական նպատակադրումներից ցիտատներով լեցուն․․․

Այդպես էլ չհասկացա, թե վերջինիս գաղտնիությունն ինչո՞ւմ էր։

Հայրենազրկման ճանապարհին ենք, քանի դեռ այսպիսինն է ՀՀ իշխանությունը»,- սոցցանցի իր էջում գրել է Լիլիթ Գալտսյանը։