Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սալոմե Զուրաբիշվիլին իրականում Վրաստանի նախագահը չէ սահմանադրությունը խախտելուց հետո։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի նախագահը չէ։ Նա ճանաչել է Սահմանադրական դատարանի օրինականությունը, երբ հայց է ներկայացրել դրան։ Իսկ Սահմանադրական դատարանը որոշել է, որ Սալոմե Զուրաբիշվիլին ոչ լեգիտիմ նախագահ է, որ նա Սահմանադրությունը խախտած նախագահ է։ Միակ բանը, որի շնորհիվ Սալոմե Զուրաբիշվիլին պաշտոնապես պահպանում է նախագահի պաշտոնը, դա «Ազգային շարժման» (ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության - նշում է ՏԱՍՍ) աջակցությունն է»,- ճեպազրույցում ասել է Կոբախիձեն։
Նրա խոսքով՝ այն բանից հետո, երբ ընդդիմությունը խորհրդարանում չքվեարկեց Զուրաբիշվիլիի իմփիչմենթի օգտին, նա դարձավ «ոչ թե Վրաստանի նախագահը, այլ «Ազգային շարժման» նախագահն ու դրա «սովորական խամաճիկը»։
2023 թվականին Զուրաբիշվիլին մի քանի արտասահմանյան այցեր է կատարել՝ առանց կառավարության ղեկավարի համաձայնության։ Սահմանադրությունը թույլ է տալիս Վրաստանի նախագահին արտաքին քաղաքականության մեջ ներկայացուցչական գործառույթներ իրականացնել միայն վարչապետի համաձայնությամբ։ Այդ կապակցությամբ իշխող «Վրացական երազանք՝ Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը դիմել է Սահմանադրական դատարան՝ նախագահի իմփիչմենթի հարցով։ Սահմանադրական դատարանը պաշտպանել է Զուրաբիշվիլիին հեռացնելու առաջարկը, սակայն իշխող կուսակցությունը խորհրդարանում չուներ բավարար ձայներ՝ իմփիչմենթ հայտարարելու համար (150 ձայնից առնվազն 100-ը)։ Ընդդիմությունը չի աջակցել Զուրաբիշվիլիի իմփիչմենթին:
Ավելի վաղ Զուրաբիշվիլին հայց էր ներկայացրել Սահմանադրական դատարան՝ ընդդեմ խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի։ Նմանատիպ հայցեր են ներկայացրել նաև ընդդիմությունը, հասարակական կազմակերպությունները և լրատվամիջոցները: Օգոստոսի վերջին դատարանը երեք նիստ է անցկացրել, որոնց ընթացքում լսել է կողմերի դիրքորոշումները։ Հայցվորները պահանջում են օրենքը ճանաչել Սահմանադրության 78-րդ հոդվածին չհամապատասխանող: Ըստ այդ հոդվածի՝ իշխանությունները պետք է ձեռնարկեն բոլոր միջոցները Վրաստանը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին ինտեգրելու համար։