Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, այսօր՝ փետրվարի 27-ին, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանի եւ «Դիմադրություն» շարժման մասնակից Սերգեյ Ասատուրովի գործով նախնական դատական նիստին քննարկվեց նրանց նկատմամբ ընտրված որպես խափանման միջոց՝ երկրից չբացակայելու արգելքը թողնել անփոփոխ։
Դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց մարտի 7-ին։
Նշենք, որ փաստաբանները միջնորդել էին նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոցները վերացնել։ Նրանց խոսքով՝ Լեւոն Քոչարյանը գործի քննությունից չի խուսափելու եւ դրա հիմքերը չկան։ Ինչ վերաբերում է Ասատուրովին, ապա փաստաբանների համար նույնիսկ հարց է, թե ինչու է նա մեղադրյալի կարգավիճակ ստացել։ Նրանք նաեւ միջնորդել էին քրեական հետապնդումը դադարեցնել։ Այս բոլոր միջնորդությունները դատարանը, սակայն մերժել է։
Հիշեցնենք, որ Լեւոն Քոչարյանը նախորդ տարվա սեպտեմբերի 22-ին Երեւանում ընդդիմության ակցիայի ժամանակ էր բերման ենթարկվել, ավելի ուշ նրան մեղադրանք առաջադրվեց ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար, թեեւ միջադեպը ֆիքսած տեսախցիկներում առկա տեսագրություններում ոստիկաններն իրեն են հարվածել: Լեւոն Քոչարյանը նույն օրն էլ ձերբակալվել, ապա կալանավորվել է 1 ամիս ժամկետով։ Նա ազատ արձակվեց մի քանի ամիս անց միայն պատգամավորական մանդատը ստանալուց հետո։
Լեւոն Քոչարյանի փաստաբանները պնդում են, որ իրենց պաշտպանյալը որեւէ հակաիրավական գործողություն չի արել, եւ, որ սա քաղաքական հետապնդում է նրա նկատմամբ։
Նախաքննության ընթացքում փաստաբանները միջադեպից պարբերաբար տեսանյութեր են հրապարակել։ Օրինակ՝ տեսանյութերից մեկում երեւում է, որ Հրաչիկ Խաչատրյանը Լեւոն Քոչարյանի նկատմամբ խեղդելու հնարքով բռնություն է գործադրում, մյուս դրվագում Լեւոն Քոչարյանին ավտոմեքենայում ծեծի են ենթարկել։ Փաստաբանը պատմել են, որ երբ Լեւոն Քոչարյանը բերման է ենթարկվել ոստիկանական բաժին, նա խնդրել է բժշկական զննություն, սակայն մոտ կես ժամ իրավապահները մերժել են խնդրանքը։
Չնայած հրապարակված տեսագրություններին նախաձեռնվել է քրեական վարույթ Լեւոն Քոչարյանի եւ Սերգեյ Ասատուրովի նկատմամբ՝ ՀՀ ՔՕ 452-րդ հոդվածի 3-րդ մասով (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը)։