Փոխարժեքներ
12 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 423.33 |
RUB | ⚊ | ₽ 4.03 |
GBP | ⚊ | £ 505.68 |
GEL | ⚊ | ₾ 142.05 |
Մեր երկիրը՝ Իրանը հանգամանքի բերումով կանգնած է արտահերթ նախագահական ընտրութիւնների շեմին:
Երկրում տիրող ընտրական պայքարի մթնոլորտի ֆոնին, որն իր գագաթնակէտին հասաւ ընթացիկ շաբաթւայ ընթացքում, բնականօրէն քաղաքացիներից շատերի, յատկապէս երիտասարդների մօտ հարց առաջացաւ. «Ինչո՞ւ է պէտք մասնակցել ընտրութիւնների եւ, ընդհանրապէս, ի՞նչ արժէք է կարող ունենալ մեր քւէն»:
Հարցի պատասխանն աւելի քան յստակ է. իւրաքանչիւր երկրի քաղաքական-հասարակական կեանքի կենսունակութիւնը մեծապէս պայմանաւորւած է տւեալ երկրում տեղի ունեցող համապետական նշանակութեան ընտրութիւններով:
Ընտրութիւնները ժամանակակից հասարակութիւնների կեանքում ունեն մեծ դերակատարութիւն եւ նշանակութիւն, դրանք են հանդիսանում քաղաքական իշխանութեան ձեւաւորման ամենակարեւոր համակարգային մեխանիզմը:
Բացի այդ, ընտրութիւններն են միակ օրինական ճանապարհը, որը երաշխաւորում է որեւէ երկրի Սահմանադրական օրէնքի շրջանակում ինչպէս իշխանութեան ձեւաւորումը, այնպէս էլ դրա փոփոխութեան հնարաւորութիւնը:
Ընտրութիւնները հասարակութեան ջերմաչափն են հանդիսանում՝ տւեալ երկրի քաղաքական համակարգի գործառնութեան հիմնական ցուցիչն ու չափման միջոցը: Դրանք են, որ արտացոլում են հասարակութեան տրամադրութիւնները, պահանջներն ու ակնկալիքները: Ընտրութիւններն են, որ ապահովում են ժողովրդի մասնակցութիւնը տւեալ երկրի քաղաքական գործընթացին՝ մարմնաւորելով նրանց քաղաքական կամքը:
Եւ վերջապէս ընտրութիւնների միջոցով է հիմնականում հնարաւորութիւն ստեղծւում առաջ քաշել նոր քաղաքական առաջնորդների, հասարակութիւնների մօտ գեներացնել եւ շրջանառութեան մէջ դնել նոր քաղաքական, հասարակական եւ տնտեսական ծրագրեր:
Հէնց վերոնշեալ պատճառներից ելնելով է, որ կարեւորւում եւ առանցքային նաշանակութիւն է տրւում ընտրութիւններին, յաճախ նշելով, որ դրանք ճակատագրական նշանակութիւն են կարող ունենալ երկրի ապագայ հեռանկարների եւ հնարաւոր զարգացումների համար:
Բացառութիւն չէ նաեւ մեր երկիրը, որն այսօր արտաքին, թէ ներքին բազմատեսակ եւ բազմաբնոյթ մարտահրաւէրների դէմ-յանդիման է կանգնած, որոնց յաղթահարումը ենթադրում եւ պահանջում է հասարակութեան եւ կառավարութեան սերտ, համադրւած գործակցութիւն, որի առաջին նախապայմանը ժողովրդի վստահութեան քւէն է, որն ինչ խօսք պարտաւորեցնող հանգամանք է ցանկացած նախագահի եւ կառավարութեան համար:
Չպէտք է մոռանանք, որ մեր երկրի յետ յեղափոխութեան շրջանի պատմութիւնը մեզ յուշում է, որ պատմական վճռորոշ պահերին ժողովրդի ակտիւ մասնակցութեան ու ներգրաււածութեան շնորհիւ է հնարաւոր եղել յաղթահարել բոլոր մարտահրաւէրներն ու խնդիրները, եւ ապահովել երկրի կայունութիւնը, անվտանգութիւնը եւ զարգացումը:
Եւ իզուր չէ, որ համապետական նշանակութեան ցանկացած ընտրութեան ժամանակ, թշնամին օգտագործելով բոլոր միջոցները, ջանք չի խնայում հնարաւորինս նւազագոյնի իջեցնելու ժողովրդի մասնակցութիւնը:
Այնպէս, որ վաղը հերթը մերն է: Մենք ենք, որ պէտք է ցուցաբերենք քաղաքացիական բարձր յանձնառութիւն՝ գիտակցելով, որ մեր քւէն է որոշելու մեր վաղւայ օրւայ ինչպիսութիւնը: Մեր քւէն է որոշելու մեր երկրի զարգացման ապագայ ընթացքը: Եւ վերջապէս, մեր քւէն է ապահովելու մեր երկրի անվտանգութիւնը, կայունութիւնը եւ անդորրը:
«Ալիք»ի Խմբագրական