կարևոր
2524 դիտում, 9 ամիս առաջ - 2024-01-30 23:22
Քաղաքական

Ռեյդ՝ Երևանի քրեական դատարանում. քրքրել են ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի, Վազգեն Մանուկյանի, Արմեն Չարչյանի և այլոց գործերը

Ռեյդ՝ Երևանի քրեական դատարանում. քրքրել են ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի, Վազգեն Մանուկյանի, Արմեն Չարչյանի և այլոց գործերը

Նախորդ տարվա նոյեմբերի 23-ին Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստը վերածեց «Մի բան էլ դու ասա քո հետևորդներին…» հայտնի ռիլսի հերոսի խղճուկ կոպիային: Ոչ ավել, ոչ պակաս, այդ նիստի ժամանակ նա իրավապահ մարմինների ղեկավարներից դատավճիռներ ուզեց:

«Մենք հասկանում ենք, որ իշխանությունների տարանջատման սկզբունքը շատ կարևոր է, բայց այդ ամենի քաղաքական պատասխանատվությունն ո՞վ է կրում, կներեք, մենք ենք կրում: Կառավարությունն է կրում, էն մարդիկ են կրում, ովքեր նախընտրական կարգախոսները, չագուչը վերցրել, գյուղ-գյուղ գնացել են: Ու դրա պատասխանը մենք պիտի տանք, հարգելի գործընկերներ: Ու ես ակնկալում եմ, որ մենք պատասխան ունենանք տալու»,- «հարգելի գործընկերներ» Արգիշտի Քյարամյանին, Սասուն Խաչատրյանին, Աննա Վարդապետյանին, Գրիգոր Մինասյանին դիմելով՝ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ բացահայտ ասելով, որ չի ցանկանում նախկիններից որևէ ձերբակալվածի հետո տեսնել ազատության մեջ՝ սրճարանում նստած:

Նիկոլ Փաշինյանը լրիվ իր ռեպերտուարի մեջ էրգլխավոր դերում ինքն էր, հանդիսատեսը՝  ժողովուրդը, որին կեղծ խոստումներ էր տվել և հիմա որևէ կերպ պետք է տակից դուրս գար:

Այդ պահանջն ընդունվեց ի գիտություն, և հիմա, փաստորեն, իրավապահ համակարգի ղեկավարներն ամեն գնով դատավճիռներ պետք է ցույց տան Նիկոլ Փաշինյանին:

Այս տարվա հունվարի 12-ին էլ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Կարեն Անդրեասյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց՝ ԲԴԽ-ն տեսանյութեր է պատրաստելու, թե որ աղմկահարույց գործով որ դատավորն է մեղավոր ձգձգման համար, ու ակնկալում է (պետք է հասկանալ՝ ընկերոջը՝ Գրիգոր Մինասյանին, կասի, նա էլ կհարուցի,- Գ.Ս.), որ հետո այդ դատավորների վերաբերյալ կարգապահական վարույթներ կհարուցվեն ու կուղարկվեն ԲԴԽ:

Ակնհայտ էր, որ սպասվում է ինչ-որ գործողություն, և պետք էր դրան ճշմարտանման փաթեթավորում տալ: Փաթեթավորեցին ու անցան գործի:

168.am-ի՝ Արդարադատության նախարարությանը մոտ կանգնած աղբյուրի տեղեկություններով՝ նախորդ շաբաթ Երևանի քրեական դատարանում արտակարգ իրավիճակ է հայտարարվել: Դատարաններ ռեյդ են արել Արդարադատության նախարարության և Դատական դեպարտամենտի ներկայացուցիչներն ու քրքրել քաղաքական հնչեղության գործերը, այդ թվում՝ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի, Վազգեն Մանուկյանի, վնասվածքաբան, Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի, ՀՀ ներքին զորքերի նախկին հրամանատար, նախկին փոխոստիկանապետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի վերաբերյալ գործերը:

Ուշագրավ է, որ այս գործերն ավարտական փուլում են: Այսինքն՝ նրանցից շատերը վճռի կայացման փուլում են:

Ուրեմն ինչո՞ւ, և, որ ամենակարևորն է, ո՞ր օրենքով, ի՞նչ իրավական ակտով, ի՞նչ նորմի վրա հղում կատարելով են Դատական դեպարտամենտի ու նախարարության ներկայացուցիչները պահանջել դատավորների վարույթներում գտնվող գործերն ու ուսումնասիրել դրանք: Կարելի՞ է մտածել, որ այդ ռեյդը, բացի հայտարարված նպատակից, ուներ նաև քողարկված նպատակ՝ այդ գործերը քննող դատավորներին զգուշացնել՝ նայեք հա՜, հանկարծ արդարացման վճիռներ չլինեն: Կարելի է, իհարկե:

Հիմա որոշողը դատավորները պետք է լինեն՝ գործել սեփական համոզմունքներով ու օրենքի տառին համապատասխա՞ն, թե՞ Նիկոլ Փաշինյան-Կարեն Անդրեասյան-Գրիգոր Մինասյան փնջի թելադրանքով:

Աղբյուրը՝ 168.am