կարևոր
3145 դիտում, 10 ամիս առաջ - 2024-01-16 09:30
Հասարակություն

Ինչպե՞ս պիտի Սուպեր Սաքոն ստանա վաստակավորի կոչումը. «Ժողովուրդ»

Ինչպե՞ս պիտի Սուպեր Սաքոն ստանա վաստակավորի կոչումը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային Ժողովի 8-րդ գումարման 7-րդ նստաշրջան բերած նախագծի հաստատումից հետո, հնարավոր է, որ Հայաստանում այլեւս չլինեն վաստակավոր հռչակված արտիստներ, երգիչներ, դերասաններ, ճարտարապետներ եւ պետական կառավարման համակարգից անջատ գործող բնագավառի ներկայացուցիչներ։

Բանն այն է, որ ՀՀ կառավարությունը՝ ի դեմս ԿԳՄՍՆ-ի, ԱԺ է ուղարկել «ՀՀ պետական պարգեւների ու պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքի մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Նախագծով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» օրենքից եւ հարակից այլ օրենքներից հանել ՀՀ ժողովրդական արտիստի, ՀՀ ժողովրդական նկարչի, ՀՀ գիտության վաստակավոր գործչի, ՀՀ վաստակավոր ճարտարապետի, ՀՀ վաստակավոր շինարարի, ՀՀ վաստակավոր բժշկի, ՀՀ վաստակավոր իրավաբանի, ՀՀ վաստակավոր արտիստի, ՀՀ վաստակավոր նկարչի, ՀՀ արվեստի վաստակավոր գործչի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի, ՀՀ վաստակավոր մանկավարժի, ՀՀ վաստակավոր լրագրողի, ՀՀ տնտեսության վաստակավոր աշխատողի, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործչի, ՀՀ վաստակավոր մարզչի կոչումները:

Ստացվում է այնպես, որ, ըստ հեղափոխական իշխանության, եթե մարդը պետական պաշտոնյա չէ, արժանի չէ պետական կոչման կամ պարգեւատրման։

Նախագծի ակնկալվող արդյունքը հետևյալն է․

«Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է օրենքով սահմանված բնագավառներում գործող մասնագետների համար ապահովել հավասար պայմաններ ինքնադրսեւորվելու ու գործելու, այդ թվում՝ ստեղծագործելու համար, ապահովել առանձին մասնագիտական հանրույթների ներսում առողջ մրցակցության ու բարոյահոգեբանական պատշաճ մթնոլորտի ձեւավորման, առանձին ոլորտներում օբյեկտիվ չափանիշներով աչքի ընկած մասնագետներին խրախուսելու արժանիքահեն, չափելի ցուցանիշների եւ մրցութային համակարգի վրա հենված գործիքակազմի ներդրում»։

Բանն այն է, որ սրանք ամենեւին էլ հավասար պայմաններ չեն, եւ սա արտոնություն է իշխանությունների հետ սերտ հարաբերություններ ունեցող արտիստների համար։

Այսինքն՝ 2024 թվականից, հնարավոր է, դադարի ՀՀ վաստակավոր մարդկանց պարգեւատրումը, եւ շատ ոլորտներ, ինչպես երաժշտությունը, գիտությունը, ճարտարապետությունը, սպորտը, թատերական ոլորտները, լրագրությունը, չունենան ոլորտի լավագույն մասնագետի պատշաճ օրինակ։

Այս ամենից հետո մի հարց է մնում՝ ինչպե՞ս է Ալեն Սիմոնյանը Սուպեր Սաքոյին խոստացած վաստակավոր արտիստի կոչումը տալու. գուցե իրեն օգնական նշանակելո՞վ, քանի որ ՀՀ-ում այլ արժանավորներ չկան, չեն լինելու, բացի պետական պաշտոնյաներից»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: