Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Հրապարակ» թերթը գրում է.
«Դավիթ Տոնոյանին առնչվող քրեական գործի քննությունը, որով անցնում են նաեւ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը, ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանը, զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավիթը, եւ եւս 3 անձ, դեռ շարունակվում է: Սակայն այս պահին միակ կալանավորված անձն այս գործով նախկին Պնախարար Դավիթ Տոնոյանն է։ Դեկտեմբերի 30-ին դատարանը որոշում է կայացրել եւ 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել Ստեփան Գալստյանին, ով 2 տարուց ավելի կալանավորված էր։ Թե ինչով է Դավիթ Տոնոյանն արժանացել այսքան երկար «նստելու» դատավճռին` պարզ չէ:
Մեզ հետ զրույցում Ստեփան Գալստյանի պաշտպան Անդրանիկ Մանուկյանն ասաց, որ Գալստյանը նույն օրն է ազատվել, երբ նրա նկատմամբ կիրառվել է գրավ: Ի դեպ, այլ խափանման միջոցներ, ինչպիսիք են վարչական հսկողություն եւ այլն, չեն կիրառվել, ինչպիսիք կիրառվել էին Գրիգորի Խաչատուրովի դեպքում։ Անդրանիկ Մանուկյանին, ով այս գործով 2 այլ փաստաբանների հետ համատեղ ներկայացնում է նաեւ Դավիթ Տոնոյանի շահերը, հարցրինք, թե ինչով է պայմանավորված, որ գործով բոլոր մեղադրյալներն ազատ արձակվեցին, իսկ Տոնոյանը՝ ոչ։
«Պարոն Ստեփան Գալստյանի նկատմամբ գրավ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումից հետո այլեւս դատական նիստ դեռ տեղի չի ունեցել, որպեսզի մենք հնարավորություն ունենանք միջնորդելու նաեւ պարոն Տոնոյանի նկատմամբ կիրառված կալանքը փոխելու մասին։ Առաջիկա նիստին, ըստ ամենայնի, այդ միջնորդությունը կներկայացվի»,- պատասխանեց պաշտպանը։ Մանուկյանին հարցրինք՝ ի՞նչ են կանխատեսում՝ դատարանը կբավարարի՞ իրենց միջնորդությունը, Տոնոյանին ազատ կարձակի՞։ «Պաշտպանության կողմի տեսանկյունից միջնորդությունը բավարարելու բոլոր նախադրյալները կան։ Կախված նրանից, թե հանրային մեղադրողն ինչ բովանդակությամբ առարկություն կներկայացնի կամ կներկայացնի, թե ոչ, դատարանն այդ երկու դիրքորոշումներն արդեն համադրելով՝ համապատասխան որոշման կգա»,- պատասխանեց Մանուկյանը։
Իսկ Ստեփան Գալստյանի պարագայում մեղադրողն առարկե՞լ է խափանման միջոցը փոխելու հարցի առնչությամբ՝ հարցրինք փաստաբանին։ «Այո, առարկել է։ Կարող ենք ասել, որ դատարանն առավել հիմնավոր է համարել պաշտպանական կողմի միջնորդությունը, քան այդ առարկությունը»,- պատասխանեց փաստաբանը՝ նշելով, որ գործով հաջորդ նիստը տեղի է ունենալու այսօր՝ նոյեմբերի 9-ին։ Հարցրինք ՝ Տոնոյանի խափանման միջոցի դեմ բողոք տանելո՞ւ են այդ օրը։ «Առայժմ վերջնական դիրքորոշում, որ այդ միջնորդությունը կներկայացվի, դեռեւս չունենք, բայց, ամենայն հավանականությամբ, կներկայացնենք»,- պատասխանեց փաստաբանը»։