Փոխարժեքներ
09 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.42 |
EUR | ⚊ | € 425.54 |
RUB | ⚊ | ₽ 4.02 |
GBP | ⚊ | £ 507.44 |
GEL | ⚊ | ₾ 141.65 |
Իրականում պետք է ասել ոչ թե փախստականի կարգավիճակից առաջացող իրավունքի ոտնահարումներ, այլ պետք է նշել, որ այդ ոտնահարումները առաջանում են Հայաստանի Հանրապետության 100 հազարավոր քաղաքացիներին հակասահմանադրական ձեւով քաղաքացիությունից զրկելու հետեւանքով։ Այս մասին «Մարդու իրավունքների ոտնահարումը՝ Բաքվից Երևան. ազդարարել, կանխարգելել, վերականգնել» խորագրով համաժողովի ընթացքում արցախցիներին փախստականի կարգավիճակ տալու հարցի քննարկման ժամանակ նշեց արցախցի Նարե Սիմոնյանը։
«Անձնագրային քաոսը ստեղծվել է միայն ներքաղաքական շարժառիթներով եւ Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներին, որոնք ամենաշատն են տուժել Նիկոլ Փաշինյանի քաղաքականության արդյունքում, փորձ է արվում դուրս թողնել քաղաքական պրոցեսներից: Արցախում բնակվող բոլոր հայերը միշտ եղել են ՀՀ քաղաքացիներ, Հայաստանի Հանրապետությունում աշխատել են տարբեր պետական հիմնարկներում, որտեղ քաղաքացիություն ունենալը պարտադիր պայման էր` ուժային կառույցներ, դիվանագիտական կորպուս, միջազգային բանկերում բանկային հաշիվներ եւ այլն: Այդ աշխատակիցներին հարկելու հարկային համակարգն էլ է նույնը եղել, ինչ ՀՀ քաղաքացիների դեպքում: Միակ տարբերությունը, որ հաճախ առանձնացնում են, դա այն է, որ ՀՀ այն քաղաքացիները, որոնց գրանցումը եղել է Արցախի Հանրապետությունում, մասնակցել են ընտրությունների՝ Արցախի Հանրապետությունում, իսկ այն քաղաքացիները, որոնց գրանցումը եղել է ՀՀ տարածքում, մասնակցել են ընտրություններին ՀՀ տարածքում: Սակայն դա եւս միանշանակ չէ»:
Սիմոնյանը փաստեց, որ 2021թ խորհրդարանական ընտրություններին Արցախի Հանրապետության գրանցում ունեցող 100-ավոր քաղաքացիներ մասնակցել են ընտրությունների՝ որպես ՀՀ քաղաքացիներ: Նրա խոսքով. «2023թ ողբերգական դեպքերից հետո են ՀՀ իշխանությունները որոշել տարբերակում մտցնել եւ առանց այդ մասին ուղիղ հայտարարելու՝ տարբեր որոշումներում շեշտել, որ ՀՀ անձնագիր ունեցող Արցախի քաղաքացիները ՀՀ քաղաքացի չեն, դա ճամփորդական փաստաթուղթ է: Մինչդեռ դա ՀՀ անձնագիր է: Ի դեպ, Հայաստանի Հանրապետությունը նաև ունի ճամփորդական փաստաթուղթ, բայց այն որեւէ կապ չունի ՀՀ անձնագրի հետ: Եվ հիմա այս որոշումներով, ընթացակարգով հակասահմանադրական եղանակով ամեն ինչ արվում է, որպեսզի արցախցիները ապօրինի ձեւով զրկվեն ՀՀ քաղաքացիությունից»: