կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-16 19:41
Առանց Կատեգորիա

ՀԱԿ-ը «Նոր Հայաստան»-ի հերն անիծեց

ՀԱԿ-ը «Նոր Հայաստան»-ի հերն անիծեց

 Ինչպես գիտենք, ՀԱԿ-ը երբեք չի եղել «Նոր Հայաստան» նախաձեռնության անդամ: Դա չի նշանակում, որ ուշադիր չեն հետեւել, թե ինչպես են տղերքը եւ Հմայակ Հովհաննիսյանը նոր Հայաստան փորձում կառուցել, բայց իրենց երբեք չեն մասնակցել այդ Հայաստանի կառուցմանը, քանի որ իրենք իրենց Հայաստանն են կառուցում, ավելի ճիշտ` փորձում վերադարձնել հին Հայաստանը, շատ հին չէ` 90-ականների սկզբների «ինտելեկտուալ» Հայաստանը: Չնայած, դատելով այն փաստից, որ ՀԱԿ-ում Լեւոնները շատ են, կարելի է ենթադրել, որ այս կուսակցությունը ցանկանում է վերադարձնել Կիլիկիան նաեւ, բայց սա միայն ենթադրություն է: Փոխարենը հստակ գիտենք, փաստ է, որ սահմանադրական փոփոխություններին ոչ էին ասում ինչպես «Նոր Հայաստանը», այնպես էլ` ՀԱԿ-ը, ընդ որում երկուսն էլ առաջարկում են պայքարել ՛«ռեժիմի»՛ դեմ:

Թե որքանով են նրանք լեգիտիմացնում նույն այդ «ռեժիմին»` մասնակցելով վերջինիս նախաձեռնած սահմնադրական հանրաքվեին /թեկուզ Ոչ-ով/ այլ հարց է, կարեւորն այս պարագայում այն է, որ այս երկու քաղաքական միավորները եւ Հմայակ Հովհաննիսյանը ողջ քարոզարշավի ընթացքում կոչ էին անում` նախ մասնակցել «ռեժիմի», «ապօրինի իշխանության», «իշխանությունը զավթածների» կազմակերպած հանրաքվեին, ապա եւ «Ոչ» ասել փոփոխություններին: Կրկնում ենք` նման կոչ անում էին վերոհիշյալ բոլոր քաղաքական միավորները եւ Հմայակ Հովհաննիսյանը: Այսինքն, հանրաքվեին «Ոչ» ասողների մի մասը այդպես է քվեարկել, որովհետեւ Ժիրայրն է այդպես կոչ արել, մի մասը «Ոչ» է ասել, քանի որ Րաֆֆին է նման կոչ արել, մի փոքրիկ մասը` գումարած Հմայակ Հովհաննիսյանի ընտանիքը, «Ոչ» է քվեարկել, որովհետեւ Պետրոս Մակեյանն է «Ոչ» ասում, եւ վերջապես Հմայակ Հովհաննիսյանը «ոչ» է քվեարկել, որովհետեւ Հմայակ Հովհաննիսյանը կոչ էր անում «Ոչ» քվեարկել: Սրան զուգահեռ, մի ստվար մաս էլ «Ոչ» է ասել, քանի որ ՀԱԿ-ը «Ոչ» է ասում:

Մի խոսքով հանրաքվեի «Ոչ»-երը այս բոլորի համատեղ, ավելի ճիշտ` իրարից անկախ «Ոչ»-քարոզների արդյունք է, գումարած, իհարկե քաղաքացիների այն ստվար զանգվածը, ովքեր «Ոչ» են քվեարկել, ոչ թե որովհետեւ ինչ-որ մեկը նման բան է կոչ անում, այլ, քանի որ իրենք են պարզապես այդպես ուզում: Հիմա, այս համատեքստում Լեւոն Զուրաբյանը հայտարարել է, թե ժողովուրդը գնաց հանրաքվեի եւ «Ոչ» քվեարկեց` լսելով ՀԱԿ-ի կոչը:

Այսինքն, նախ ժողովուրդը գնացել է եւ «Ոչ» է քվեարկել, բայց այ այլմոլորակային ռոբոտները եկել են եւ «Այո» են քվեարկել, ու քանի որ անգամ ռոբոտները հայաստանցիներից շատ են, «Այո»-ն անցել է: Եւ երկրորդը, ժողովուրդը «Ոչ» է քվեարկել` լսելով բացառապես ՀԱԿ-ի կոչը, նաեւ «Նոր Հայաստանի՞», գիտեք, «Նոր Հայաստանի» հերն էլ անիծած, ու սա մենք չենք, ասում, Լեւոն Զուրաբյանն է ասում: Ինչո՞ւ է ասում, որովհետեւ ՀԱԿ-ը, ինչպես արդեն ասացինք, նոր Հայաստան չի ուզում, նա հին Հայաստան է ուզում եւ 90-ականների հայկական էստրադան:

Հովիկ Աֆյան