կարևոր
3784 դիտում, 1 տարի առաջ - 2023-07-19 22:56
Հասարակություն

Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Սամվել և Տիգրան Մելքոնյանների եղբայրը

Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Սամվել և Տիգրան Մելքոնյանների եղբայրը

Պտղաբերության կենտրոնում Էդուարդ Համբարձումյանի և Անդրանիկ Պողոսյանի ղեկավարությամբ լույս աշխարհ է եկել Արցախյան երրորդ պատերազմում  պատերազմում զոհված Սամվել և Տիգրան Մելքոնյանների եղբայրը՝ Դավիթը։

«Ծնվել է 2 զոհված հերոսների եղբայրը՝ Դավիթը։

Որպես բժիշկ անչափ դժվար է, շատ էմոցիոնալ…
Պատասխանատվության չափը աննկարագրելի, երբ միաժամանակ 2 տղաներին կորցրած ծնողները վայրկյանները հաշվելով սպասում էին դրական արդյունքի…

Դավիթը ծնողներին կրկին հույս եւ լույս տվեց ապրելու։ 

Շնորհակալ ենք փոխնակ մայրիկին անփոխարինելի աշխատանքի համար»,- գրել է կենտրոնի բժիշկ, գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Անուշ Աբրահամյանը։

Սամվել և Տիգրան Մելքոնյան ոստիկան  եղբայրները զոհվել են Շուշիի մատույցներում:

Ավագը՝ Սամվելը, ծնվել էր1996 թվականին։ Ծառայել էր բանակում։ Ապրիլյան մարտերի մասնակից էր։

Փոքր եղբայրը՝ Տիգրանը, ծնվել էր 1997-ին։ Ծառայել էր բանակում։ Սովորում էր բարձրագույն ուսումնական հաստատությունում։ 2020 թվականի սեպտեմբերին, երբ Արցախի դեմ սկսվեց լայնածավալ պատերազմ, եղբայրները զինվորագրվեցին։ Սեպտեմբերի 29-ին ոստիկանության զորքերի իր վաշտի հետ Արցախ մեկնեց ավագ եղբայրը՝ Սամվելը։ Շուրջ մեկ ամիս նա մասնակցեց Քարվաճառի պաշտպանությանը։

«Ոստիկանության զորքերի իրենց ծառայակիցների հետ Սամվելն ու Տիգրանը մեկնեցին Շուշի։ Նոյեմբերի 4-ից սկսեցին մասնակցել բերդաքաղաքի պաշտպանությանը։ Ծանր մարտեր էին։ Նոյեմբերի 5-ին հնչեց օդային տագնապի հերթական ազդանշանը։

«Տիգրանն իմ ու Սամվելի ձեռքը բռնեց, ու պառկեցինք։ Հենց պառկեցինք, արկն ընկավ մեր կողքը։ Մի րոպեի չափ խառնաշփոթ վիճակ էր։ Տիգրանը թեքվեց դեպի ինձ ու ձեռքս տեսավ։ Ասաց՝ վայ, վիրավորվել ես։ Ես այդ ժամանակ դեռ չէի զգում ցավը։ Հետո թեքվեց, որ տեսնի, թե Սամվելն ինչ վիճակում է։ Տեսավ՝ կողքին չի։ «Ախպերս ուր է, ախպերս ուր է»՝ գոռում էր: Մեկ էլ գտավ եղբորը։ Գրկեց, չոքեց ու սկսեց լացել։ Լացելով ասում էր՝ ախպերս, խոսի հետս»,- պատմում է ծառայակից ընկերը՝ Սարգիս Պողոսյանը։

Սամվելը զոհվել էր… Ընկերների խոսքով՝ փոքր եղբայրը, վրեժով լցված, շարունակեց կռվել։ Ավագ եղբոր մարմինը դրել էր քնապարկի մեջ, և մարտական խնդիր կատարելու որ գնում էին՝ իր հետ տեղափոխում էր եղբոր մարմինն ու կռվում։
Մարտերը գնալով ահեղանում էին։ Տիգրանն ու ծառայակիցները Շուշի տանող ճանապարհին հայտնվում են թշնամու շրջափակման մեջ։

Նոյեմբերի 7-ին, ժամը 16.30-ին, Տիգրանը զանգում է հորեղբորն ու ասում՝ «Տնեցիներին կասես, որ չեմ գալու»: Սրանք Տիգրանի վերջին խոսքերն էին»,- գրել է 1lurer.am-ը։