Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«ԱԼԻՔ», Կ. Դ. – Հայ ժողովրդի ազգային տօների տօն Մայիսի 28-ի 105-ամեակի միջոցառումները այս տարի մեր համայնքում նշւեցին աննախադէպ խանդավառութեամբ, որի նպատակն էր Մայիսեան յաղթանակների ոգին մեր ժողովրդի մօտ վերարթնացնելը:
Նախաձեռնութեամբ՝ Հ. Մ. «Սիփան» միութեան, թւականիս մայիսի 27-ին, միութեան «Նորայր Էլսայեան» մարզադահլիճում գեղարւեստական-բանախօսական յագեցած յայտագրով նշւեց Մայիսի 28-ի տօնակատարութիւնը:
Տէրունական աղօթքով, Իրանի, Հայաստանի ու Արցախի պետական հիմներով մեկնարկած ծրագրին՝ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած Մայիսի 28-ի 105-ամեակի մեծարման Կենտրոնական յանձնախմբի խօսքը փոխանցեց Վանէ Մակարեանը, իսկ միութեան վարչութեան խօսքը փոխանցեց Քարմէն Չհարմահալին:
Ծրագրի ընթացքում ցուցադրւեց 105-ամեակի Կենտրոնական յանձնախմբի կողմից Մայիսեան ոգով տոգորւած տեսահոլովակը:
Օրւայ բանախօս էր հրաւիրւել ՀՀ ԱԺ-ի «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Քրիստինէ Վարդանեանը:
Իր ելոյթի ընթացքում, պատգամաւորը համապարփակ գծերով անդրադարձաւ Հայաստանի ներկայ իրավիճակին, Սփիւռքի հայկական համայնքների կարեւորութեանը եւ առաջիկայ անելիքներին: Իր ելոյթի ընթացքում բանախօսը կարեւորեց Հայաստանի կապերը, ռազմավարական նշանակութիւն ունեցող Իրանի Իսլամական Հանրապետութեան հետ:
Յայտագրի գեղարւեստական բաժնում մեր պատանի-պարմանուհիները՝ Սիոն Սինանին եւ Քելիա Տէր-Գալստեանը, ասմունքեցին ազգային ոգով տոգորւած բանաստեղծութիւններ:
Հ. Մ. «Սիփան» միութեան «Սիփան» պարախումբը, պարուսոյց Կարինէ Մանուչերեանի ղեկավարութեամբ ներկայացրեց հայկական պարեր:
Բեմ բարձրացաւ միութեան «Կոմիտաս» երգչախումբը՝ Լուսինէ Միքայէլեանի խմբավարութեամբ հնչեցնելով հայկական, ժողովրդական-ազգագրական երգեր: Յեղափոխական ազգային մեներգերով հանդէս եկան Հայաստանից հրաւիրւած երգիչ-երգչուհի՝ Մաւր Մկրտչեանը եւ Եւա Եգանեանը:
Միջոցառման եզրափակիչ խօսքը վերապահւած էր Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանին:
Սրբազան Հայրը իր խօսքի ընթացքում ընդգծեց, որ Մայիսի 28-ը մեր ժողովրդի պատմութեան յաղթանակի գագաթնակէտը հանդիսացաւ:
Միջոցառումը իրենց ներկայութեամբ պատւել էին՝ Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան ազգային կենտրոնական վարչութեան Քաղաքական ժողովի անդամ Յովսէփ Աւետեանը, ԻԻՀ-ում ՀՀ դեսպանութեան հիւպատոս Արթուր Սարգսեանը եւ Մշակութային եւ համայնքային հարցերով խորհրդական Սերգէյ Գրիգորեանը, Հայ Աւետարանական եկեղեցու հոգեւոր հովիւ Վեր. Միշէլ Աղամալեանը, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտ. Նորայր Արամեանը, «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչ Սեւան Դանիէլեանը, «Ալիք» օրաթերթի գլխաւոր խմբագիր Արամ Շահնազարեանը, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած Մայիս 28-ի 105-ամեակի մեծարման Կենտրոնական յանձնախմբի նախագահ Ալֆրէդ Քեշիշեանը, ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչներ եւ մեծ թւով հանդիսականներ: