կարևոր
3691 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-09 22:23
Արցախ Հասարակություն

Մեզ միացնողը մի գաղափար է՝ մեր հայրենիքը փրկելու հրամայականը. Դավիթ Բաղրյան

Մեզ միացնողը մի գաղափար է՝ մեր հայրենիքը փրկելու հրամայականը. Դավիթ Բաղրյան

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» պահանջագրի և ստորագրահավաքի նախաձեռնող խմբի կողմից կազմակերպված համաժողովրդական հանրահավաքին նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Բաղրյանը հայտարարել է, որ վրանային պայքարը շարունակվում է, և հանրահավաքից հետո ևս մեկ վրան ավելանալու է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում:

Ստորև ներկայացնում ենք Դ. Բաղրյանի խոսքը.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Հաղթանակած սերունդների ժառանգների անունից շնորհավորում եմ ձեզ՝ Եռատոնի կապակցությամբ և շնորհակալություն հայտնում բոլոր նրանց, ովքեր մեր ժողովրդին 1992 թ. մայիսին պարգևել են բերդաքաղաք Շուշիի ազատագրումը։ Սա փաստ է, որն արդեն մտել է հայ ժողովրդի պատմության մեջ։

Իմ ձեռքին 2 թուղթ կա. մեկը 1988թ. ստորագրահավաքի թղթերից է, մյուսը՝ մեր այսօրվա ստորագրահավաքի թուղթը։ 35 տարի առաջ այս նույն ձևով է սկսվել նպատակի շուրջ մեր համախմբումը, և հիմա էլ այս հանրագիրը նոր համախմբման շարժում է։ Սա մի նոր հանրաքվե է, վերահաստատելու, որ Արցախն Ադրբեջանի կազմում չի եղել, չկա ու չի լինելու։ 

Մենք պայքարելու ենք մեր տանը ազատ ապրելու մեր իրավունքի համար։ Նրանք, ովքեր ստորագրել են, բարձրացրե՛ք բռունցքները, որպեսզի աշխարհին ցույց տանք, որ սա մեր բոլորիս պահանջն է, որ մենք Արցախի Հանրապետությունն ենք, մենք Ադրբեջանը չենք և մենք ենք տերը մեր երկրի։ Մենք ենք որոշելու՝ ինչպես ապրել, որտեղ ապրել և ում հետ բարեկամություն անել։

Ես իմ հազարավոր հասակակիցների անունից դիմում եմ ՀՀ մեր հայրենակիցներին՝ միացե՛ք մեզ, թույլ մի՛ տվեք, որ Հայաստանի գործող իշխանություններն Արցախի անունից ստորագրեն փաստաթղթեր, կամ այնպիսի հայտարարություններ անեն, որոնք վտանգի տակ կդնեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։

Դիմում ենք Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորախմբին՝ անվերապահորեն կատարեք ձեր պարտականությունները, տեր կանգնեք ՌԴ նախագահի անմիջական ջանքերով և միջնորդությամբ ստորագրված եռակողմ փաստաթղթի դրույթներին։

ԱՀ իշխանություններին՝  կոչ ենք անում և պահանջում ճիշտ գիտակցել ժողովրդի հանդեպ ձեր պատասխանատվությունն ու չտրվել արտաքին ազդեցություններին, տեղի չտալ Ադրբեջանի օրեցօր աճող պահանջներին։ Առաջնորդվե՛ք միմիայն Արցախի ժողովրդի կամքով:

Այսօր մենք առավել շատ մտահոգված ենք ոչ միայն ապօրինի տեղադրված անցակետով, եռակողմ հայտարարության խախտված դրույթներով, այլ ավելի շատ մեր այն հայրենակիցների ճակատագրով, որոնք լրիվությամբ մնացել են շրջափակման մեջ, և կտրվել է նրանց կապը մայրաքաղաք Ստեփանակերտի և մնացած այլ համայնքների հետ։ Խոսքը Շուշիի շրջնաի Հին շեն, Մեծ շեն, Լիսագոր և Եղծահող համայնքների մեր քույրերի, եղբայրների մասին է։ Եթե իրենց հետ մի բան պատահի, Աստված չանի, դուք եք պատասխան տալու։

Ժողովո՛ւրդ, այսօր մեզ ղեկավարներ պետք չեն։ Միայն ղեկավար լինելը քիչ է։ Մեզ պետք են առաջնորդներ, լիդերներ, որոնք կարող են ժողովրդին մի գաղափարի շուրջ համախմբած պահել, որպեսզի ամեն մեկը վերմակը դեպի իրեն չքաշի, մի մուրճով մի մեխ խփեն։

Այստեղից հայտարարում եմ, որ մեր վրանային պայքարը չի ավարտվում։ Այսօրվանից մի վրան էլ Վերածննդի հրապարակում ենք տեղադրելու։ Մեր պայքարն անկոտրուն է։ Մեզ միացնողը մի գաղափար է՝ մեր հայրենիքը փրկելու հրամայականը»։