կարևոր
4189 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-05 14:28
Քաղաքական

Արցախը հիմա կարևորագույն գաղափար պետք է դառնա հայության համար. Դավիթ Բաբայանն ամփոփել է ԱՄՆ այցի արդյունքները

Արցախը հիմա կարևորագույն գաղափար պետք է դառնա հայության համար. Դավիթ Բաբայանն ամփոփել է ԱՄՆ այցի արդյունքները

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը մանրամասներ է ներկայացրել Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած այցի վերաբերյալ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Դավիթ Բաբայանը ներկայացրեց այցի նպատակներն ու արդյունքները:

«Մեր արտաքին քաղաքականության պետականաշինության հիմքում  հայրենիք-սփյուռք  կապերի ամրապնդումն է՝ որպես առանցքային բաղադրամաս, գաղափար։ Այս տեսանկյունից մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում աշխարհասփյուռ  հայության հետ կապերի ընդլայնմանը, խորացմանն ու  այդ հարաբերությունների բարձր մակարդակի ապահովմանը։ Պարտավոր ենք մեր կապերը միշտ ամուր պահել սփյուռքի հետ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների հայությունը միշտ ակտիվ դերակատարություն է ունեցել հայրենիքի շենացման, զարգացման, զորացման գործում։  Գրեթե չկա այնպիսի մի ծրագիր Արցախում, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի և այլ խողովակներով սփյուռքահայությունը մասնակցած չլինի։ Բացի այդ, ամերկաբնակ մեր հայրենակիցները բազմաթիվ քաղաքական նախաձեռնություններ են իրականացրել  միտված Արցախի ճանաչմանը  ԱՄՆ  տարբեր նահանգների, քաղաքների և այլ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից: Նման նախաձեռնությունների շնորհիվ նաև տարբեր հայանպաստ բանաձևեր են ընդունվել ԱՄՆ  Կոնգրեսում, Սենատում։ Այսինքն, շատ մեծ աշխատանք է տարվել»,- ասաց Բաբայանը։  

Նրա խոսքով՝ Արցախը հիմա կարևորագույն գաղափար պետք է դառնա հայության համար, իսկ արցախակենտրոնությունը պետք է լինի սփյուռքի  հիմնասյունը։ «Ասվածն ամենևին չի նշանակում, որ  մենք պետք է հրաժարվենք համազգային այլ  հիմնարար  նպատակներից՝   Ցեղասպանության ճանաչում և այլն, բայց տվյալ դեպքում արցախակենտրոնությունն առաջնահերթություն է:  Պետք է փրկել Արցախը, որովհետև առանց Արցախի չի լինելու Հայաստան ու սփյուռք։  Այդ տեսակետից կարևոր հանդիպումներ ենք ունեցել նաև ԱՄՆ հասարակական, քաղաքական, վերլուծական շրջանակների հետ։ Մենք ներկայացրել ենք իրավիճակը  մեր ավանդական բարեկամներին, որոնք շարունակում են պաշտպանել Արցախի ու հայության շահերը։  Հետևաբար, նաև շատ կարևոր է տեսնել, թե ինչ մոտեցումներ ունի ԱՄՆ-ն։ Մենք պետք է շատ իրատես լինենք։ Միամտությունը, առավել ևս արկածախնդրությունը  շատ թանկ  է արժենում և կարժենա  աշխարհաքաղաքականության մեջ։ Պետք է շատ լավ պատկերացնենք տարբեր երկրների շահերը, մեր տեղն ու դերը այս ամենում, որպեսզի ճիշտ քայլեր ձեռնարկենք։ Ասեմ, որ ԱՄՆ-ն միակ երկիրն է, որը դեռևս կարող է զսպել Թուրքիայի  ծավալապաշտական նկրտումները։ Բայց  այդ առումով շատ քիչ ժամանակ է մնացել, որովհետև Թուրքիան մի քանի տարուց կլինի ամբողջովին ավտոնոմ  աշխարհաքաղաքական խաղացող։ Չէի ցանկանա, որ  կրկնվեր  1930-ականների  Գերմանիայի օրինակը, երբ նույն ձևով տարբեր բևեռներ սատարել են նացիստներին, որպեսզի օգտագործեն Խորհրդային Միության դեմ, կամ հակառակը՝  Խորհրդային Միությունն է  փորձել  նույնն  անել Արևմուտքի դեմ, իսկ վերջում տուժել են բոլորը։ Ներկան  շատ նման է այդ իրավիճակին։  ԱՄՆ  այցելությունը, իհարկե,  որևէ ձևով չի նշանակում, որ մենք փոխում ենք ինչ-որ աշխարհաքաղաքական վեկտորներ։ Արցախը միշտ ունեցել է իր մոտեցումները,  առաջին հերթին առաջնորդվելով   համահայկական շահերով և սփյուռքի հետ ավանդական կապերով։  Հարկ է նշել,  որ փաստորեն, Ռուսաստանը միակ երկիրն է, որն իսկապես ապահովում է արցախահայության անվտանգությունը, ինչն առանց ռուս խաղաղապահների հնարավոր չէ ։ Մյուս կողմից ԱՄՆ-ն միակն է, որը դեռևս կարող է քաղաքական  եղանակներով զսպել Թուրքիային։ Սա է իրավիճակը։  Ընդհանուր առմամբ  այցելությունը լայնորեն լուսաբանվել է, կարծում եմ,  օգտակար է եղել»,- մանրամասնեց Արցախի արտաքին գործերի նախարարը։

Հարցին, թե գործնականում ի՞նչ արդյունքներ կարելի է ակնկալել ԱՄՆ-ում նման  հանդիպումներից, Բաբայանը պատասխանեց.

«Մեր այցը համընկել էր ԱՄՆ-ում մի շարք այնպիսի նախաձեռնությունների  հետ, ինչպիսիք՝  օրինակ, Կալիֆորնիայում պաշտոնապես  ապրիլի 24-ը որպես Ցեղասպանության հիշատակի  օր ընդունելն էր,  ինչպես նաև տարբեր բանաձևեր, նախագծեր են ներկայացվել , որոնք  դատապարտում են ադրբեջանական  ագրեսիան, կոչ են անում ԱՄՆ-ին կասեցնել  Ադրբեջանին  տրամադրվող համապատասխան  օգնությունը և այլն։ Այս ամենը նշանակում է, որ, մենք  պետք է աշխատենք մեր բարեկամների, բարի կամքի տեր մարդկանց հետ, որպեսզի զսպվեն Թուրքիայի և Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները։ Դա երկարատև գործընթաց է, բայց  նույնպես կարևոր ուղղություն է»։

Արցախի ԱԳ նախարարի կարծիքով Արցախի վարկանիշն աննախադեպ բարձր է սփյուռքում։ «Արցախն իսկապես Սփյուռքի համար սրբություն է, սա շատ լավ է։ Եթե մեզ հաջողվի արցախակենտրոնությունը դարձնել համազգային համախմբման հիմք, շատ ավելի մեծ հնարավորություններ կունենանք փրկելու հայրենիքը։  Արցախի հետ տեղի ունեցածը, և  ընդհանրապես այն, ինչ տեղի է ունենում Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիվ քաղաքականության հետևանքով,  շատ մեծ ցավ է առաջացրել նաև այնտեղ։ Բայց ես ապատիա չտեսա, այլ ընդհակառակը՝ մեծ  ձգտում, որ վերակենդանանք»,- ասաց Դավիթ Բաբայանը։