Այն, ինչ հատկապես վերջին ժամանակներս կատարվում է համահայկական դաշտում, չի կարող չմտահոգել ու չանհանգստացնել մեզ: Ամենաթողությունը, կարծես թե, հասել է գագաթնակետին, որը բնավ ոչ մի աղերս չունի ժողովրդավարության և խոսքի ազատության հետ:
«
Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ մայիսի 30-ին կայացած ԱԺ լիագումար նիստին ասել է «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանը՝ ընդգծելով, որ որպես ժողովրդավարական հասարակություն՝ մենք պետք է ապահովենք ցանկացած քաղաքացու խոսքի ազատության հիմնարար իրավունքը, սակայն երբ այդ խոսքը վեր է ածվում սպառնալիքի, հանրային համերաշխության դեմ ուղղված կոչերի, հասարակության յուրաքանչյուր անդամ պետք է արձագանքի խստագույնս՝ կանխելով նման երևույթների ակտիվացումը:
«Բանը հասել է նրան, որ սոցցանցերում, և ոչ միայն, հայը հային պիտակավորում է ամենակեղտոտ խոսքերով, փորձում սեպ խրել մեր միասնության մեջ: Ժամանակն է իրերը կոչել իրենց անուններով: Որոշ տականքներ իրենց թույլ են տալիս հարձակվել թոռնիկների հետ զբոսնող, հայտնի քաղաքական գործիչ Հրանտ Մարգարյանի վրա, անպատվել նրան: Եվ երևի ուժ գործադրեր այդ խառնամբոխը, եթե չմիջամտեր ոստիկանությունը: Միջամտեց այո, բայց ոչ մեկն այդ ճիվաղներից պատասխանատվության չենթարկվեց: Նաև դա՞ չէր արդյոք պատճառը, որ ոմն Ջիվան Աբրահամյան ոստիկանների ներկայությամբ սպառնաց Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանին և դարձյալ մնաց անպատիժ: Ավելին, այդ ստահակը ոչ միայն ներողություն չխնդրեց Նախագահից, այլև լկտիաբար հաստատեց իր խոսքերը: Այսպես ու՞ր ենք գնում. արդեն մոռացե՞լ ենք, որ պատերազմը չի ավարտվել, որ ունենք հակառակորդ, որը ծափ է տալիս ու ծիծաղում մեզ վրա ու մեծատառերով գրում՝ պատերազմ Հայաստանի և Ղարաբաղի միջև: Ա՞յս ենք ուզում: Բոլորին է հայտնի, թե ինչ նպատակով և ինչ կարգախոսով է սկսվել Ղարաբաղյան շարժումը: Այդ ո՞ր մի հայը չի ուզում, որ օր առաջ դեֆակտո միացումը վերածվի դե յուրե միացման, վերականգնվի պատմական արդարությունը, Արցախը վերամիավորվի Մայր Հայաստանին: Լավ, արժե՞ այս հարցով շահարկումներ անել, էժանագին դիվիդենտներ փորձել հավաքել, ինչպես դա անում են որոշ քաղաքական ուժեր և առանձին անհատներ: Հասկացանք, որ առջևում ընտրություններ են, քվեներ են պետք, բայց արժե՞, արդյոք, դրա համար կամուրջներ վառել, չէ որ մենք գերխնդիր ունենք՝ մեր Հայրենիքի անվտանգությունը»,- նշել է Վ. Բաղրյանը:
Պատգամավորի խոսքով՝ եթե որոշ մարդիկ մոռացել են, պետք է հիշեցնել Չարենցի մարգարեական միտքը. «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»:
«Ականջներիս օղ անենք մեծ պոետի ու մտածողի խոսքը, հասկանանք, որ ունենք մեկ Հայրենիք, որի համար պատասխանատու ենք բոլորս: Արյունը ջուր չդառնա, դա մեզ չեն ների մեր զոհված քույրերն ու եղբայրները, դա մեզ չի ների պատմությունը: Ուրեմն՝ սթափվենք, հետո կարող է ուշ լինել»,- ավելացրել է Վ. Բաղրյանը: