կարևոր
5458 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-08 17:34
Աշխարհ Տարածաշրջան

Ալիևը հավատարիմ է գործընթացին, իսկ Փաշինյանը պարտավորություններ ունի. Տոյվո Կլաար

Ալիևը հավատարիմ է գործընթացին, իսկ Փաշինյանը պարտավորություններ ունի. Տոյվո Կլաար

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվել է 30-ամյա հակամարտության ավարտից հետո, ուստի, զարմանալի կլիներ, եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև ամեն ինչ նորմալ լիներ վերջին լայնածավալ պատերազմից ընդամենը երկու տարի անց: Այս մասին ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

Նա նշել է, թե կարևորն այն է, որ Երևանի և Բաքվի ղեկավարներն ունեն քաղաքական կամք՝ վերացնելու այս հակամարտության հետևանքներ․ «Այս տեսանկյունից մենք կարծում ենք, որ նախագահ Ալիևը հավատարիմ է այս գործընթացին, իսկ վարչապետ Փաշինյանը պարտավորություններ ունի։ Բայց կրկին, սա ժամանակ է պահանջում և հեշտ գործընթաց չէ»:

Կլաարի խոսքերով, ԵՄ-ի նպատակն է օգնել Հայաստանին և Ադրբեջանին հաղթահարել հակամարտության հետևանքները՝ կարևորելով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պարբերաբար հանդիպումների և կարևոր հարցերի վրա աշխատելու հնարավորությունը:

«ԵՄ-ն երկար տարիներ աշխատում է ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում քաղաքացիական հասարակության տարբեր խմբերի և կազմակերպությունների հետ։ Բայց, ի վերջո, դա, իհարկե, կախված է ոչ միայն ԵՄ-ից, այլև հենց երկրների, նրանց ղեկավարների գործողություններից, ոենք խոսում ենք կրթության մասին, քաղաքացիական հասարակության և ընդհանուր առմամբ հասարակության մեջ գաղափարների ձևավորման մասին, այդ թվում՝ դպրոցական ծրագրերի և այն մասին, թե ինչպես և ինչ է գրվում լրատվամիջոցներում:

Այս ամենը, ճիշտն ասած, այն ոլորտն է, որտեղ ԵՄ-ն քիչ բան կարող է անել, ընդհակառակը, կրկնում եմ, դեռ շատ անելիքներ կան երկրների ղեկավարների կողմից...

Երկու երկրների կառավարությունների համար կարևոր է ցույց տալ թշնամանքի, հակամարտությունների դարաշրջանի ավարտը և հայտարարել գործընկերության և բարեկամության նոր դարաշրջան սկսելու իրենց ցանկության մասին։

Եթե նայեք Եվրոպային և Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջում Ֆրանսիայի և Գերմանիայի հարաբերություններին, ապա ձեզ համար անհնարին կթվա այնպիսի հարաբերություններ, ինչպիսին կա այժմ ֆրանսիացիների և գերմանացիների միջև: Ինչպես օրինակ ուսանողների փոխանակումը, պարբերաբար հանդիպումները Ֆրանսիայի և Գերմանիայի կառավարությունների միջև։ Բայց սա մեծ աշխատանք էր պահանջում, առաջին հերթին, Փարիզի ու Բեռլինի Բոննի ղեկավարությունից։ Ուրեմն այստեղ էլ պետք է լինի»,-ասել է Կլաարը:

Խոսելով Հայաստանում ԵՄ առաքելության մասին՝ Կլաարն ասել է, որ ԵՄ-ն ինչ-որ աշխարհաքաղաքական խաղ չէ․ «ԵՄ-ի համար դա նշանակում է օգնել մեր հարևաններին՝ Հայաստանին և Ադրբեջանին՝ հաղթահարելու հակամարտությունների ժառանգությունը:

Սա է մեր միակ շահը։

Հարավային Կովկասը գտնվում է ԵՄ-ի հարևանությամբ, և այս տարածաշրջանում խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը բխում են մեր շահերից։ Որովհետև որքան լավ են մեր հարևանները, այնքան լավ ենք մենք, դա այդքան պարզ է:

Ուրախ կլինեմ, եթե Մոսկվան հասկանա, որ եթե մենք իրականում մեկ նպատակ ունենք, ապա կարող ենք լրացնել միմյանց ջանքերը և դա չհամարենք որպես ինչ-որ մրցակցություն, որը ներառված չէ ԵՄ հեռանկարներում»,-ասել է պաշտոնյան: