կարևոր
3271 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-22 11:29
Քաղաքական

Այսուհետ վարչապետը կորոշի, թե ով ծառայողական ավտոմեքենա ունենա, ով՝ ոչ․ «Հրապարակ»

Այսուհետ վարչապետը կորոշի, թե ով ծառայողական ավտոմեքենա ունենա, ով՝ ոչ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Բանն այն է, որ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը հոկտեմբերի 20-ին իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում շրջանառության մեջ է դրել «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծ, որը պետգույքի կառավարման ոլորտում վարչապետին լրացուցիչ լիազորություններ է տալիս։

Նախկինում վարչապետն այս ոլորտում որեւէ լիազորություն չի ունեցել, եւ ոլորտի կարգավորումն իրականացրել են կառավարությունն ու լիազոր մարմինը՝ Պետգույքի կառավարման կոմիտեն։

ՏԿԵ նախարարությունն առաջարկում է օրենքը լրացնել նոր դրույթներով եւ այնպես անել, որ վարչապետը հաստատի, թե որ պաշտոնյաները պետք է ծառայողական մեքենա ունենան։ Առաջարկվում է օրենքը լրացնել նոր՝ 6.2 հոդվածով, որը սահմանում է․

«Հոդված 6․2 Պետական գույքի կառավարման ոլորտում Հայաստանի Հանրապետության վարչապետի լիազորությունները

1․ Վարչապետը`

1) հաստատում է Հայաստանի Հանրապետության պետական մարմիններին, ենթակա պետական մարմիններին եւ պետական ոչ առեւտրային կազմակերպություններին ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման եւ սպասարկման կարգը, գործառութային անհրաժեշտությամբ պայմանավորված շահագործվող տրանսպորտային միջոցների տեխնիկական, քանակական եւ դրանց պահպանման համար նախատեսված առանձին չափորոշիչները եւ շահագործման հետ առնչվող անհրաժեշտ այլ նորմատիվները։

3) 7-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 28-րդ կետ (Հոդվածը վերաբերում է լիազոր մարմնին՝ Պետգույքի կառավարման կոմիտեին)։

«28) մշակում է Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման եւ սպասարկման կարգը, Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակը, Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, պետական հիմնարկների, պետական ոչ առեւտրային կազմակերպությունների ծառայողական (բացառությամբ պաշտոնատար անձանց կամ աշխատողների սպասարկման համար չնախատեսված հատուկ նշանակության) ավտոմեքենաների առանձին չափորոշիչները, Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական տրանսպորտային միջոցների վառելիքի, յուղերի ու քսուկների ծախսի, ավտոդողերի վազքի, կուտակչային մարտկոցների ծառայության ժամկետների նորմաները եւ ներկայացնում վարչապետի հաստատմանը»։

Նախագիծը ՏԿԵ նախարարությունը հետեւյալ կերպ է հիմնավորում․ «Ներկայումս պետական ծառայողական ավտոմեքենաների շահագործման ոլորտում ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է վերանայել գործող իրավական ակտերը, դրանք միավորել եւ արդյունքում մեթոդական կարգավորման միասնական մոտեցում կիրառել: Վերջինիս շրջանակներում, ծառայողական ավտոմեքենաների հատկացման, չափաքանակների, սպասարկման չափորոշիչները եւ շահագործման նորմատիվները սահմանող լիազորող նորմը բացակայում է»։ Ստացվում է, որ առանց այդ էլ ահռելի լիազորություններ ունեցող վարչապետին հնարավորություն է տրվում անգամ այս հարցն իր տիրույթ տանել եւ որոշել, թե ում ինչքան ծառայողական մեքենա տրամադրվի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում