Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«30 տարիների ընթացքում դատարաններն, արդարադատության ոլորտն ունեցել են դրական կողմեր, բայց ասել, որ կայացել են, ազնիվ չի լինի։ Մենք ունենք դատավորներ, ունենք դատարաններ, բայց չունենք արդարադատություն»,-Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Նա նշեց, որ վերջին 4 տարիների ընթացքում դրանում էլ ավելի համոզվեցին, ու սա ասում է մեծ ցավով։
«Պատկերացրեք, որպես փաստաբան երբ մուտք էի գործում դատարան, արդեն հիմնական դեպքերում գիտեի, թե կոնկրետ դատավորն ինչպիսի դատական ակտ պետք է կայացնի։ Ցավոք սրտի, մենք ունենք դատավորներ, որոնք ունեն մեկ խնդիր՝ ոչ թե օրենքին ծառայելն է, ոչ թե իրավունքը պաշտպանելն է, այլ օրվա իշխանությանը ծառայելն է, պարզապես դակիչի ֆունկցիա կատարելն է։ Մենք պատկերացնում ենք, որ Հայաստանում այլևս երբեք նման դատավորներ չեն լինելու, Հայաստանում լինելու է իրական արդարադատություն, իրական դատավորներով։ Իսկ այն դատավորը, որը դատավորի կոչման հետ կապ չունի, վռնդվելու են, դուրս են շպրտվելու համակարգից»,- ասաց Արամ Վարդևանյանը։
Ընդդիմադիր գործչի խոսքով, ստեղծելու են այն պայմանները, որ քննիչը, դատախազը, դատավորը լինեն իրապես անկախ, անկախ նրանից, ով կլինի իշխանություն, անկախ նրանից, թե այդ իշխանությունը ինչ կցանկանա կոնկրետ գործով։
«Իշխանության ներկայացուցիչները խոսում են Դաշնակցական մեր երիտասարդ տղաների մասին, ասում են անպայման պետք է կալանավորեն։ Ի՞նչ են անում դատարանները։ Կալանավորում են։ Մենք չենք ունենալու այդպիսի դատարաններ։ Դրա համար պետք է անկախության իրական երաշխիքներ։ Ու դրա հիմքերը, հնարավորությունները կան։ Պետք է ոչ թե պարգևավճարներ բաժանել ամեն մի պատահածին, այլ դատավորների համար ստեղծել անհրաժեշտ հիմքերը, ու մենք դա միասին կանենք»,- ասաց Արամ Վարդևանյանը։
Խոսելով ոստիկանների մասին՝ նա նշեց. «Պատկերացնում եք՝ մենք ապրում ենք այն իրականության մեջ, որ Հայաստանի ոստիկանների մեծ մասը, հրապարակի Հայփոստի շենքի մոտից գնում են ինչ-որ մի բիզնեսից որպես նվեր, կաշառք, անունն ինչ ուզում եք դրեք, պեչենի են ստանում։ Այդ հույսին են մնացել։ Հայաստանում չի լինելու ոստիկանություն, որ մի ինչ-որ բիզնեսի պեչենու հույսին լինի, իրենք արժանապատիվ կյանք են ունենալու, ծառայելու են օրենքին, իրավունքին, լինելու են անկախ»։
Վարդևանյանի խոսքով, առհասարակ արդարադատության մեջ, աշխարհի փորձն էլ դա ցույց է տալիս, որ ժողովուրդը պետք է մասնակից լինի պրոցեսին. «Գոյություն ունի երդվյալ ատենակալների ինստիտուտ, որտեղ մեր պես մարդիկ ուղղակի մասնակցում են դատական պրոցեսին և որոշում են անձի մեղավոր ու անմեղ լինելը։ Ես առաջարկում եմ, եթե համաձայն եք միացեք այս գաղափարին, քննարկենք Հայաստանում երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման հարցը, հատկապես 44-օրյա պատերազմի հանգամանքները քննելու հարցում։ Ժողովուրդը պետք է մասնակից լինի»։
Նա հիշեցրեց նախկինում արած առաջարկները՝ վերացնել բալային համակարգը, կարմիր գծերը, քննարկել համաներման հարցը և այլ առաջարկ արեց. «Հիշում եք՝ 2018 թվականին ինչ խոստումներ էին տալիս՝ կյանքի որակը լավացնել, դրա փոխարեն գազը, լույսը, ջուրը թանկացավ։ Թանկացրեցին գույքահարկը բոլորի համար առանց նայելու այդ մարդու բնակարանը, սոցիալական վիճակը։ Առաջարկում եմ կասեցնել այդ ռեֆորմը և անել իրական ռեֆորմ»։
Վարդևանյանը խոսեց նաև հասարակության մեջ պառակտման մասին, որը, նրա խոսքով, այս իշխանությունները բերել են նաև ընտանիք, ամենահարազատ ընկերների միջավայր, որովհեգտև իրենք պատկերացնում են, որ իրենք իրենց եղբայրների, քույրերի ոչ պահակն են, ոչ պաշտպանը։
«Մենք ասում ենք՝ մենք մեր եղբայրների, քույրերի, մեր հող ու ջրի, հայրենիքի պահակն ենք, պաշտպանն ենք, և այդպես էլ լինելու է։ Մենք մեր ուղուց չենք շեղվելու, պառակտմանը վերջ ենք տալու։ Օրենքը, իրավունքը պաշտպանելու ենք, միավորվելու ենք, գնալու ենք դեպի հաղթանակ»։
Դրա համար՝ միություն, պայքար, հաղթանակ»,- ասաց Արամ Վարդևանյանը, որին հաջորդ հրապարակում հավաքված քաղաքացիների վանկարկումը՝ «միություն, պայքար, հաղթանակ» ։