կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-01 17:54
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այսօր մնում ենք՝ այս պահից հրապարակը ժողովրդինն է, կտեղադրենք վրաններ․ Իշխան Սաղաթելյանը նշում է առաջիկա գործողությունները

Միշտ հարցնում էիք՝ ե՞րբ ենք մնալու հրապարակում․ այսօ՛ր մնում ենք՝ այս պահից հրապարակը ժողովրդինն է, այս պահից իշխանությունը ժողովրդինն է՝ ըստ Yerkir.am-ի Ֆրանսիայի հրապարակում համազգային հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

«Այսօր մենք անցկացնելու ենք այս հրապարակում, այս պահից սկսած այս հրապարակում կտեղադրենք վրաններ, որպեսզի գիշերը կարողանաք անցկացնել։ Երկրորդը՝ վաղը առավոտ ժամը 8։30-ից սկսած մենք սկսում ենք մասշտաբային անհնազանդության բողոքի ակցիաներ»,-առաջիկա ծրագրերը ներկայացրեց նա։

Նա կոչ արեց հայրենակիցներին՝ անձնական աշխատանքներ չպլանավորել․ վաղը հանրապետության բազմաթիվ փողոցներ, մայրուղիներ լինելու են փակ։

«Վաղը հատկապես Կենտրոն համայնքում որևէ մեքենայի շարժ պետք է չլինի։ Կոչ եմ անում մեր հայրենակիցներին, ուսանողներին՝ առաջիկա օրերին սկսենք գործադուլ, դասադուլ»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Օրերի հարց է, ասաց նա, այս քանի օրը պետք է մեռնենք, տանջվենք, զրկանքներ կրենք, ընկնենք, բաժիններում հայտնվենք, բայց դա շատ կարճ է տևելու, դրանից հետո Հայաստանում լինելու է համերաշխություն, արդարություն, ազատություն, միասնություն։

Իշխան Սաղաթելյանը նաև կարևորեց կարգուկանոնը, կազմակերպվածությունը։

«Առաջին պայմանը՝ երբեք այլ հայացքներ ունեցող քաղաքացիների հետ կոնֆլիկտի չեք բռնվում։ Մենք անկարգություններ չենք անելու,  բայց պինդ, վճռական, մինչև վերջ և վճռական գնալու ենք առաջ»,-ասաց նա։

Իշխան Սաղթելյանը տեղեկացրեց, որ հանրահավքը դադար է առնում՝ Ֆրանսիայի հրապարակում վրաններ տեղադրելու համար։ Ապա 7-ին 15 պակաս հանրահավաքը շարունակվելու է։ Բոլոր նրանք, ով գիշերը չի մնալու Ֆրանսիայի հրապարակում, Սաղաթելյանը հրավիրեց վաղն առավոտյան 8 անց 15 լինել Ֆրանսիայի հրապարակում։

Նշենք, որ Ֆրանսիայի հրապարակում անցկացվում է «Դիմադրություն» շարժման համազգային հանրահավաքը ապազգային իշխանությունների հեռացման, Հայաստանի և Արցախի Հանրապետությունները հայկական պահելու պահանջով։ Այստեղ միացել են  Հայաստանի խորհրդանշական 4 կողմերից՝ Իջևանից, Տիգրանաշենից, Սարդարապատից ու Ապարանից  Երևան եկած «Դիմադրություն» շարժման քայլերթերը, ինչպես նաև ապակենտրոն դիմադրության այլ շարժումներ, որոնք այս օրերին իրազեկման ակցիաներ էին իրականացնում մայրաքաղաքում։

Մանրամասն՝ տեսանյութում․