Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեծ անորոշության պայմաններում տնտեսական աճի կանխատեսումները վերապահումով պետք է դիտարկել՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց տնտեսագետ Արմեն Քթոյանը՝ խոսելով Արժույթի համաշխարհային կազմակերպության կանխատեսման մասին, որ Հայաստանում այս տարի տնտեսական աճը կլինի ընդամենը 1,5 տոկոս։ Նշենք, որ ՀՀ կենտրոնական բանկի կանխատեսումն էլ 1,6 տոկոս է։
Բայց փաստն այն է, որ ապրում ենք բավականին բարդ իրավիճակում, ասաց նա, եթե անգամ ռազմաքաղաքական իրողությունները մի կողմ դնենք և միայն տնտեսականը դիտարկենք։
«Մեր գլխավոր արտաքին առևտրային գործընկեր Ռուսաստանում սպասվում է բավականին խորը անկում․ նույնիսկ հնչում է 8-15 տոկոս անկման գնահատականը։ Իսկ 15 տոկոս անկումը համարժեք է այն անկմանը, որ ռուսական տնտեսությունն ունեցավ Խորհրդային Միության փլուզումից հետո՝ 1990-ականների սկզբին․ մենք այդ իրողությունները հիշում ենք։ Եվ այդ անկումը իր անմիջական ազդեցությունը կթողնի նաև մեր տնտեսության վրա»,-ասաց Արմեն Քթոյանը։
Տնտեսագետը բավականին բարդ է համարում քայլեր առաջարկել տնտեսությունը նվազագույն կորստով դուրս բերելու համար․ քայլերից մեկը ֆինանսական կայությունը պահելն է, որի համատեքստում էլ Կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումն է, գնաճի զսպումը։
«Բոլոր այն գործիքները, որոնք տեսությունն առաջարկում է և պետությունը կարող է կիրառել, ենթադրում են լրացուցիչ բյուջետային ծախսեր։ Իսկ դա այս պահին կարող է տեղի ունենալ դեֆիցիտի ավելացման հաշվին։ Իսկ դեֆիցիտի ավելացման մեծ հնարավորություններ մենք չունենք՝ հաշվի առնելով այն պարտքային բարդ իրավիճակը, որում Հայաստանը գտնվում է։ Մյուս կողմից մենք ունենք բավականին պահուստներ, որոնք մեզ հնարավորություն են տալիս տատանումները հավասարակշռել»,-նշեց տնտեսագետը։
Գլխավոր մարտահրավերներից մեկը, նրա համոզմամբ, կապված է լինելու մեր տասնյակ հազարավոր քաղաքացիների՝ ամենամյա արտագնա աշխատանքի գնալու հետ․ այդ հնարավորությունը այս պահի դրությամբ սահմանափակված է։ Պետք է նրանց համար մտածել զբաղվածության խնդրի լուծման տարբերակներ։ Սոցիալական աջակցության մեխանիզմների առավել ինտենսիվ գործարկման անհրաժեշտություն է լինելու։
«Տնտեսական ասպեկտով՝ որոշ հնարավորություն կա ներգրավելու ռուսական տնտեսվարող սուբյեկտներին, որոնք Ռուսաստանից գալիս են Հայաստան․ թեկուզև դա ժամանակավոր բնույթ է կրելու, բայց այստեղ պետք է ավելի ինտենսիվ դարձնել աշխատանքները, ավելի պրոակտիվ լինել այս առումով։ Այստեղ պետական շատ հստակ միջամտություն պետք է լինի հնարավոր չարաշահումների կանխման համար՝ հաշվի առնելով, որ աժիոտաժային պահանջարկ կարող է առաջանալ այս կամ այն ծառայության համար»,-ասաց Արմեն Քթոյանը։
Պետք է փորձել դիվերսիֆիկացնել արտահանման ուղղությունները, ասաց նա, որովհետև ռուսական ուղղության մասով մենք որոշակի խնդիրների կարող ենք բախվել․ մեր ապրանքների մրցունակությունը էականորեն կնվազի և պետք է փորձենք արտահանումն ավելի բազմազանեցնել թե՛ ապրանքային բազմազանության, թե՛ աշխարհագրական առումներով։
Այս ամենը կարճաժամկետ գործիքներն են։ Ավելի գլոբալ մեր քայլերը պետք է միտված լինեն Հայաստանի տնտեսության մրցունակության բարձրացմանը՝ համոզված է տնտեսագետը։ Դա ենթադրում է առկա ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացում։ Իսկ մենք այսօր շատ ոլորտներ ունենք, որտեղի առանց այդ էլ սակավ ռեսուրսները խիստ անարդյունավետ ենք օգտագործում, որը անթույլատրելի շռայլություն է։ Նույնը՝ գյուղատնտեսության պարագայում։ Բայց այս ուղղությունները ավելի միջնաժամկետ ու երկարաժամկետ քայլեր են պահանջում։
Տնտեսագետը համարում է, որ երկրի տնտեսության վերկանգնումը հնարավոր է գլխավորապես արտաքին ռեսուրսների ներգրավման հաշվին՝ ուղղակի ներդրումների վրա պետք է աշխատենք։ Հայաստանի ներսում մեր կողմից ներդրումը կլինի այն ռեսուրսը, որն այստեղ առկա է՝ մարդկային, այլ ռեսուրսներ․ եթե ցույց տանք, որ այստեղ կա միջավայր, որտեղ ռեուրսը արդյունավետ կերպով է օգտագործվում և դա հնարավորություն է տալիս նորմալ շահույթ ստանալ։
Աննա Բալյան